Մեծարգո պարոն Փաշինյան, ես` ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանս, մահապատժի դատապարտված այն 42 դատապարտյալներից մեկն եմ, ում վճիռը 2003 թվականին փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ:
Ես տարիներ շարունակ ապրել եմ մահվան դատապարտվածի հոգեվիճակը և արդեն 24 տարի կալանավայրում եմ, հաճախ գրել եմ այդ մասին: Հավատացե´ք, պարոն վարչապետ, անազատության մեջ եմ հասկացել ազատության գինը, ճիշտ ապրելու իմաստը, ընտանիքի ջերմությունը վայելելու երջանկությունը և հասարակությանը պիտանի լինելու իմաստը:
Հաճախ եմ ինձ համոզել, որպեսզի հարմարվեմ բերդում մեռնելու մտքի հետ, սակայն կրկին գտել եմ ինձ ու մտածել, որ պետք է ապրեմ, մի գեղեցիկ օր ազատություն ստանամ. Հույսը վերջում է մեռնում: Իմ հույսն անձամբ Դուք եք, պարոն Փաշինյան, իմ հույսը Նոր Հայաստանն է, նոր բարքերի ամրապնդմամբ ու ժողովրդավարական նոր արժեքների հաստատմամբ: Անսահման ցանկանում եմ, որ կյանքիս գոնե վերջին տարիներն ապրեմ Նոր Հայաստանում, ուղղեմ իմ դաժան ճակատագիրը, տեսնեմ զավակներիս ու թոռներիս, պիտանի լինեմ մարդկանց:
Իմ դուստրն ևս Ձեզ էր դիմել մի քանի օր առաջ` ինձ ներում շնորհելու խնդրանքով: Այն դարձավ հանրության կողմից լայն քննարկման թեմա, անչափ շնորհակալ եմ բոլոր գթասիրտ հայ մարդկանցից, ընտանիքներից, ովքեր աջակցեցին և շարունակում են աջակցել ինձ:
Աստծո ամեն օր հաշվում եմ վայրկյանները, հույս ունենալով ու սպասելով, որ ինձ` ցմահ դատապարտյալ և 24 տարի կալանավայրում գտնվող Ստեփան Գրիգորյանիս ազատություն կպարգևեք ու կտեսնեմ Աստծո Լույսը Նոր Հայաստանում: