2018 թ. մարտի 31-ին Գյումրու Վարդանանց հրապարակից մեկնարկեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» արշավը:
«Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսում եմ 14-օրյա քայլարշավ դեպի Երևանի Ազատության հրապարակ՝ ընդդեմ Սերժի ու ՀՀԿ-ի», — ֆեյսբուքյան իր էջում գրեց Նիկոլ Փաշինյանը։
14 օրերի ընթացքում մասնակիցները շուրջ 200 կմ ճանապարհը ոտքով անցան՝ կատարելով շուրջ 300 հազար քայլ՝ լինելով Սպիտակում, Վանաձորում, Դիլիջանում, Սևանում, Հրազդանում, Աբովյանում:
Այնուհետև Երևանում և ՀՀ բոլոր մարզերում սկսվեցին ոչ բռնի, խաղաղ գործողություններով ուղեկցված ցույցեր, երթեր, քաղաքացիական անհնազանդության զանգվածային միջոցառումներ, որոնց առաջին ակնառու քաղաքական արդյունքներից մեկը եղավ ապրիլի 23-ին երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ երկրորդը՝ մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից «ժողովրդի թեկնածու» Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելը։