Գևորգ Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Մարտ ամսի կեսին ականատեսը եղանք մի շարք իրադարձությունների, որոնցից շատերը նախատիպը չունեին, բացահայտվեց մի գործ, որը խնամքով թաքցրել էին տարիներ շարունակ։ Երկու շաբաթ առաջ լրագրողների հետ զրույցի ընթացքում Հայկ Մարությանը հայտարարեց, որ Դավթաշենի թաղապետարանի մի մասը տարիներ առաջ օտարվել է, ու հիմա պատկանում է ինչ-որ անձի։
Այս հայտարարությանը հաջորդեց լրագրողական հետաքննությունը, ինչի արդյունքում բացահայտվել են մի քանի հետաքրքրաշարժ փաստեր, որոնք կմանրամասնենք ստորև։
Եվ այսպես, Դավթաշենի թաղապետարանի շենքի օտարումը սկսվել է 2008 թվականից, և ձեռքից-ձեռք անցնելով, իր հանցավոր ու տրամաբանական ավարտին է հասցվել այն ժամանակ, երբ համայնքի թաղապետն էր Արթուր Գևորգյանը, ով այժմ հանդիսանում է ՀԲՖ նախագահ։ Օտարված 300-ից 400 ք/մ-ը ըստ նշանակության չի ծառայում, դրա մի մասը օգտագործում է Գևորգյանի ղեկավարած բռնցքամարտի ֆեդերացիան, մնացած մասը ծառայում է, որպես պրակտիկ հրաձգության ֆեդերացիա, որի նախագահն, ի դեպ, վերոհիշյալ Արթուր Գևորգյանի եղբայր՝ Արտյոմ Գևորգյանն է։ Բնականաբար, այս օտարման մութ պատմության մանրամասները կբացահայտվեն, մեր օրերում շենք-շինության ապօրինի օտարումը, օգտագործումը չի կարող անհետևանք անցնել։
Իմանալով այս ամենը, առաջ է գալիս մի տրամաբանական վարկած, երբ Գևորգյանը թաղապետ էր, օգտագործում էր իր պաշտոնական դիրքը, չարաշահումներ անում, ապօրինի գործունեություն ծավալում, իսկ հիմա երբ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է, ի՞նչն է նրան խանգարելու, որ օրենքներ շրջանցի, ինչպե՞ս կարող էինք թույլ տալ, որ բարոյական նման ցածր ստանդարտներ ունեցողը մոտենար սպորտին։ Հասկանալի է չէ, որ բիզնես շահ հետապնդող անձը սպորտում նույն տրամաբանությամբ է առաջնորդվելու ու այստեղից էլ ամենացավալի հետևությունն է արվում՝ նման մարդիկ սպորտը ուղիղ գծով տանում են դեպի կործանման: Միթե՞ մենք սա ենք ցանկանում հայկական բռնցքամարտի համար, բնականաբար ոչ, իսկ դրանից խուսափելու միակ տարբերակը Գևորգյանից ազատվելն է: