Search
Close this search box.

ԴԱՀԿ-ն վերացրել է Արարատ Միրզոյանի հաշվի վրա կիրառված արգելանքը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հաշվի վրա կիրառված արգելանքը վերացվել է. այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնում Արարատ Միրզոյանի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթը կարճվել է, և կիրառված արգելանքը վերացվել է՝ պարտավորության փաստացի կատարման հիմքով, այն է՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն»,- ասված է Հարկադիրի պատասխանում:

Միաժամանակ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից նշել են, որ կատարողական վարույթի շրջանակներում այլ տեղեկություններ հրապարակման ենթակա չեն:

Հիշեցնենք, որ ԱԺ նիստում սպառողական վարկերի աճի հարցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանկերը շատ հարմար վարկեր են տրամադրում, և իրենց ընտանիքն էլ դեռ չի մարել լվացքի մեքենայի վարկը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հավելել էր. «Պարո՛ն վարչապետ, հենց այդ նույն տրամաբանությամբ ապառիկով հեռուստացույց վերցնելու գնացի, էն էլ ինձ ապառիկ չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվին, ես չվճարած տուգանք ունեի»:

Please enter a valid URL