Էջմիածնում անհասկանալի ծագման հոտ է տարածվել, որը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ կոչ անելով խուճապի չմատնվել, քանի որ ըստ մասնագետ-քիմիկոսների՝ վտանգավոր գազեր կամ այլ նյութեր մթնոլորտում առկա չեն։
«Այս պահին քաղաքում, հատկապես դրա որոշ հատվածներում տարածվել է անհրապույր և առաջին հայացքից քիմիական ծագում կամ բնույթ ունեցող բույր, որը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում:
Ցանկանում եմ տեղեկացնել, որ պատճառները պարզելու նպատակով անմիջապես կապ եմ հաստատել իրավասու մարմինների հետ և պարզել, որ համաձայն մինչ այս կատարած ուսումնասիրությունների՝ տարօրինակ բույրի աղբյուրը Էջմիածնի տարածքում չի գտնվում (ըստ նախնական վարկածի՝ հոտը քամին բերում է Մասիս քաղաքի շրջակայքից), քաղաքում որևէ վթար տեղի չի ունեցել:
Ավելին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետ-քիմիկոսները արդեն ստուգել են օդում վտանգավոր քիմիական էլեմենտների առկայությունը և պարզել, որ կյանքի կամ առողջության համար վտանգավոր գազեր կամ այլ նյութեր մթնոլորտում առկա չեն:
Այնպես որ, սիրելի՛ համաքաղաքացիներ, անհանգստանալու և, առավել ևս, խուճապի մատնվելու կարիք չկա. ամեն ինչ գտնվում է վերահսկողության ներքո և բոլորիս հուզող այդ բույրը շուտով կանհետանա»,- գրել է Դիանա Գասպարյանը: