«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության երեք պատգամավոր ուշագրավ նախագիծ են դրել շրջանառության մեջ, որով առաջարկում են ներդնել հանրաքվեի գործիք, որի միջոցով կարող են ժամանակից շուտ պաշտոնանկ անել համայնքապետերին։ Այլ կերպ ասած՝ նոր իշխանությունն իր համար լծակ է ստեղծում, որ առաջիկայում ազատվի «անցանկալի» գյուղապետերից։
Համայնքապետին անվստահություն հայտնելու հետևյալ մեխանիզմն են առաջարկում․ ընտրողների 20 տոկոսի նախաձեռնությամբ անցկացնել հանրաքվե, որի արդյունքներն ընդունված կլինեն, եթե հանրաքվեին մասնակցել է համայնքի ընտրողների 40 տոկոսը, և եթե կողմ է քվեարկել նրանց կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան տեղական մեկ քառորդը։
«Հանրաքվե կարող է նշանակվել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց ոչ շուտ, քան 2 տարի հետո, և ոչ ուշ, քան վերջինիս լիազորությունների ավարտից 6 ամիս առաջ»,- առաջարկում են նախագծի հեղինակները՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, անդամ Մաթևոս Ասատրյանը, ինչպես նաև Նարեկ Մկրտչյանը։ Քաղաքական շրջանակներում վստահ են, որ օրենքի ընդունումից հետո այն ամենօրյա կիրառման գործիք կդառնա շատ համայնքներում, քանի որ ցանկացած գյուղում ընտրությունների հաջորդ իսկ օրը բոլոր համայնքապետերը գոնե մի 20 տոկոսանոց ընդդիմություն ունեն»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: