Մարտի 28-ին ԱԺ-ում տեղի ունեցավ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկուցում, որի ժամանակ պատգամավորներից մեկը բավական խիստ քննադատության ենթարկեց գործող իշխանությունների արտաքին քաղաքականությունը… ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով պատգամավորին և անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի ձախողմանը, հայտարարեց.”Երբ որ դուք ասում եք՝ ՀԱՊԿ-ում դուք ձախողել եք, ինչո՞վ ենք ձախողել: Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ում մենք հաջողել ենք, որովհետև այնտեղ հիմա մեր ձայնը լսելի է, մենք մեր ասելիքն ասում ենք, որ մեր նկատմամբ հարգանքը մեծացել է: Այդտեղ թե մենք մի ժամանակավոր պաշտոն մի ամիս ավել ենք զբաղեցրել, թե պակաս՝ դա էլ է գնահատման չափանիշ: Ես չեմ կարող արգելել, որ դա վերցվի գնահատման չափանիշ, բայց ինձ համար չափանիշները այլ են”:
Հետաքրքիր է, ՀՀ վարչապետն ի՞նչն է հաղթանակ համարում… Այն, թե ինչպես ՀԱՊԿ անդամ երկրներն արձագանքեցին Հայաստանի անհեռատես և անտրամաբանական քայլերին, երբ հետ չկանչելով Յուրի Խաչատուրովին, որը մինչև 2020 թ-ի փետրվար ամիսը որպես ՀՀ ներկայացուցիչ զբաղեցնելու էր ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնը, քրեական գործ հարուցեցին վերջինիս դեմ և հետախուզում հայտարարելով՝ ցեխ շպրտեցին Արևմուտքի կողմից “Պուտինյան ՆԱՏՕ” անվանվող ռազմաքաղաքական կառույցի վրա…
Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ ՀԱՊԿ այլ երկրի դա Հայաստանին չէր ների… Այո՛, Փաշինյանը Խաչատուրովին հետ կանչեց, բայց ինչ ստացավ դրա դիմաց, որ հիմա էլ, ըստ վարչապետի, “մեր ձայնը լսելի է դարձել և մեծացել է մեր նկատմամբ հարգանքը ՀԱՊԿ-ում”… Զարմանալի է, ՀԱՊԿ գլխավոր քարուղարի պաշտոնի շուրջ ընթացող բանակցություններում հայամետ ո՞ր որոշման արդյունքում է պարոն Փաշինյանն այդ եզրահանգման եկել…Այդպիսի կարծիք կարելի էր հայտնել միայն այն դեպքում, եթե Հայաստանի մի այլ ներկայացուցիչ փոխարիներ Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում… Սակայն իրականությունն այն է, որ ՀԱՊԿ անդամ ոչ մի երկիր համաձայն չէ, որ Խաչատուրովին փոխարինի մի այլ հայաստանցի… Ավելին` նրանք կողմ են Բելառուսի ներկայացուցչի թեկնածությանը, ում կտրականապես մինչև հիմա դեմ է Հայաստանը… Ցավով պետք է արձանագրեմ, որ կամ պարոն Փաշինյանն ինքնախաբեությամբ է զբաղվում և ՀԱՊԿ-ում իր ձախողումը ներկայացնում է որպես ձեռքբերում կամ էլ բացարձակ չի հասկանում արտաքին քաղաքականությունից և հպարտանում է “բարոյական հաղթանակներով”՝ժամանակավոր պաշտոնն,ըստ Փաշինյանի մի ամիս ավել կամ պակաս զբաղեցնելը մեծ բան չէ իր համար (Բելառուսի ներկայացուցիչը դեռ չի դարձել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար և այդ կառույցը ղեկավարում է Մոսկվայի ներկայացուցիչը)… Սակայն միջազգային հարաբերություններում “բարոյական հաղթանակ” կոչվածը ուտոպիա է, չկա՛ այդպիսի բան… Պարոն Փաշինյանը պետք է հասկանար, որ Մոսկվայում և ՀԱՊԿ անդամ այլ երկրների մայրաքաղաքներում բացարձակապես հետաքրքիր չէր Խաչատուրով անձը… Նրանց համար անընդունելի էր այն, որ Երևանն իր հապճեպ քայլերով տարրականորեն խայտառակեց այդ ռազմաքաղաքական կառույցը… Հավելեմ, որ եթե ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր, որն այդ պահին տնօրինում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, առանց ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների հետ համաձայնության փաշինյանական մեթոդներով հետ կանչեր իր ներկայացուցչին ալյանսի գլխավոր քարտուղարի պաշտոնից, ապա ավելի վատ վերաբերմունքի կարժանանար, քան Փաշինյանին արժանացրեցին ՀԱՊԿ անդամ երկրները… Ավելի լավ կլինի ՀՀ իշխանություններն ընդունեն, որ Երևանի ՀԱՊԿ-յան քաղաքականությունը ձախողված է և ՀՀ ներկայացուցչին թույլ չեն տա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնել մինչև 2020 թ-ի փետրվար ամիսը…
Ի դեպ, հետ կանչելով Խաչատուրովին` ՀՀ իշխանությունները զարմանալիորեն չձերբակալեցին վերջինիս, իսկ հունվարի 28-ին՝ Բանակի օրվա առթիվ տեղի ունեցած ընդունելության ժամանակ ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը հատուկ դիմավորում էր “հանցագործ” Խաչատուրովին և ուղեկցում նրան սրահ…
Հ.Գ. Ի պատասխան Փաշինյանի “ՀԱՊԿ-ում հաղթանակած և հարգված” լինելու մասին հայտարարությանը` Կրեմլը պատասխանեց իր “բարձրախոսներից” մեկի՝ վերլուծաբան, Ռեգնում գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի շուրթերով, որը հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում ձեռք է բերել սկանդալային երկրի համբավ… Որքանով հասկանալի է, պատերին ծեփելու և ասֆալտին փռելու Փաշինյանի փորձը արտաքին քաղաքականություն ոլորտում կիրառելու հնարքները չանցան…