Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. այն տևեց 3 ժամ 15 րոպե:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետը չպատասխանեց լրագրողների հարցերին: Հյուրանոցի մոտ նրան սպասում էին հայկական համայնքի ներկայացուցիչներ: Նրանք ողջունեցին վարչապետին ու լուսանկարվեցին նրա հետ:
Հանդիպումն անցկացվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մասնակցում էին նաև միջնորդներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը:
Հանդիպումը մեկնարկել էր Երևանի ժամանակով 14:00-ին: Սկզբում տեղի են ունեցել ընդլայնված կազմով շփումները, ապա երկու երկրների ղեկավարները մնացել են փակ դռների հետևում, հետո կրկին նրանց միացել են միջնորդները: