Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում գրված է. «Սա Ազատ գետի կիրճի պատկերներն են՝ մեկ տարվա տարբերությամբ։ Գառնի և Գողթ գյուղերի սահմանագծին՝ հենց գետի հունի մեջ, արված են հողային աշխատանքներ և կառուցված են ավազաններ՝ հավանաբար ձկնաբուծարանի համար։ Ահազանգն ստացել ենք Գառնի գյուղի սփյուռքահայ բնակիչ, դոկտոր Վիգեն Կարապետյանից (Vicken Garabedian)։ Նրա սեփական տան բակի տարածքից է երևում այս պատկերը և նա անթույլատրելի է համարում սա, քանի որ ամբողջովին փոխվել է գեղեցիկ լանդշաֆտը, տեսարանն ու գետի հունը։
Ահազանգը փոխանցել ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ խնդրելով պարզել և տեղեկացնել հետևյալի մասին․
1․ Արդյո՞ք կա թույլտվություն այդ աշխատանքների իրականացման համար և ջրօգտագործման թույլտվություն։ Եթե կա, ապա տրամադրեք դրանց պատճենները։
2․ Ո՞ւմ է պատկանում այդ տարածքը, և արդյո՞ք օրենքով թույլատրելի է գետի հունում և հեղեղատում այսպիսի աշխատանքներ անել և ձևափոխել այն։ Մեկնաբանության մեջ տեղադրված այլ լուսանկարներում տեսեք տարածքը մինչև այս աշխատանքների իրականացումն ու հիմա»։