Search
Close this search box.

Ալիևի հետ հանդիպմանը կքննարկվի Արցախը որպես բանակցային կողմ նեերգրավելու հարցը. Փաշինյան

ԱԺ նիստի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ առաջիկա հանդիպմանը կարո՞ղ են ենթադրել, որ Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելու վերաբերյալ մտքեր կփոխանակվեն, Փաշինյանը պատասխանեց․

«Այո՛, իհարկե, Ստեփանակերտի իմ ելույթի առաջին դրույթը հենց դա էր։ Ուզում եմ բոլորս ճիշտ հասկանանք, որովհետև կան տարբեր մեկնաբանություններ և՛ Հայաստանում, և՛ դրսում։ Մեկնաբանություն կա, տարօրինակ կերպով նաև Հայաստանում, որ սա բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ է, բայց դա, իհարկե, բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ չէ և չի կարող լինել, որովհետև բանակցային ֆորմատը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը»,-պատասխանեց վարչապետը։

«Նախկինում էլ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ ես ասել եմ իմ դիրքորոշումը, որ առնվազն սկզբնական փուլում այդ հանդիպումները կոնկրետ օրակարգ չպետք է ունենան, պիտի լինի հարցերի լայն շրջանակ, պետք է ուղղակի մտքեր փոխանակենք տարբեր հարցերի վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ, կարող եմ կանխատեսել, որ քննարկումները կլինեն նախկինում հնչած հայտարարությունների շրջանակներում, և այո՛, այն, ինչ հայտարարել եմ Ստեփանակերտում Անվտանգության խորհրդի համատեղ նիստի ժամանակ, այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների, այն պլատֆորմն է, որի վրա հիմնվելու ենք բանակցային հետագա ողջ գործընթացում»,- ասաց Փաշինյանը։

Please enter a valid URL