Search
Close this search box.

Ինչպես է Սիլվա Համբարձումյանի կաշառքը Դուբայից հասել Հայաստան և ովքեր են Արամ Հարությունյանի «վեցնոցները»

1in.am-ը գրում է. Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի և մյուսների գործով անցնող մեղադրյալներից Արաքս Դիլանյանը բողոք է ներկայացրել դատարան գործը վերաբացելու դեմ։ Երեկ այս գործով նշանակված դատական նիստը հետաձգվեց։

Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը պնդում է, որ Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին հանքերի շահագործման լիցենզիաներ ստանալու համար 14 միլիոն դոլար կաշառք է տվել, որի 8 միլիոն դոլարը Արամ հարությունյանի հորդորով փոխանցել է Դուբայում գտնվող Արաքս Դիլանյանի հաշվին։ Համբարձումյանը պնդում է, որ փաստաթղթերով ապացուցված է, որ 8 միլիոն դոլարն ինքը փոխանցել է Դիլանյանի հաշվին և որ դա Արամ Հարությունյանի 14 միլիոն կաշառք տված գումարի 8 միլիոնն է։

Արաքս Դիլանյանն ու նրա պաշտպան, փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանն էլ պնդում են, որ Համբարձումյանը ստում է և այս գործի վերաբացման անհրաժեշտություն չկար։

Արաքս Դիլանյանը, ըստ նրա պաշտպանի, ՀՀ քաղաքացի է, 90-ական թվականներից ապրում է Արաբական Միացիալ Էմիրություններում, զբաղվում է անշարժ գույքի առքուվաճառքով, թարգմանչական աշխատանքներով։ «Արաքս Դիլանյանն ընդհանրապես ոչ մի առնչություն չի ունեցել ոչ Սիլվայի, ոչ էլ Արամ Հարությունյանի հետ։ Պարզապես նրա ընկերներից մեկը խնդրել է Արաքսի հաշվեհամարով մի գործարք կատարել՝ պատճառաբանելով, որ իր հաշվեհամարի հետ խնդիր կա։ Արաքսը համաձայնել է, գնացել, իր հաշվին փոխանցված գումար է եղել։ Նա ոչ մի բան չի կասկածել, քանի որ եթե կասկածեր, ապա ոչ մի պարագայում չէր գնա դրան, քանի որ այդտեղ օրենքները շատ խիստ են։ Արաքսն ինչ իմանար, որ դրանով մասնակից է դառնալու Սիլվա Համբարձումյանի՝ շեյխին 1.5 միլիոն դոլար քցելու ընդհանուր գործարքին։ Ինքը դրա մասին չէր կարող պատկերացում ունենալ։ Եթե կասկած ունենար, կրկնում եմ, ինքը չէր գնա դրան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը՝ հավելելով.«Սիլվա Համբարձումյանն ինքն էլ գիտի, որ սուտ է խոսում։ Նման փաստաթուղթ չկա, որ ինքը գումար է փոխանցել։ Այո, այդ գումարը եղել է Արաքսի հաշվին, բայց դա այլ անձ է փոխանցել։ Սիլվան եթե գումար ունենար, ապա այստեղ կփոխանցեր ու իր համար ավելի հեշտ կլիներ շառ անելը»։

Լեռնիկ Հովհաննիսյանը նշեց, որ Սիլվա Համբարձումյանն այս ամենը հորինում է, քանի որ ստանձնել է «պարտավորություն» այս կամ այն պաշտոնյայի վրա ցուցմունք տալ, քրեական գործ հարուցել ու նրանից գումարներ գանձել պետական կարիքների համար։ «Նա ընդամենը ներքաշված է այս ամենի մեջ։ Նա երբեք գործարարությամբ չի զբաղվել»,-ընդգծեց փաստաբանը։

Սիլվա Համբարձումյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նորմալ է համարում Արաքս Դիլանյանի փաստաբանի ընտրած տակտիկան, նա պաշտպանում է իր վստահորդին, բայց այն, ինչ ինքն է պնդում, Համբարձումյանի խոսքով, իրականություն են և ապացուցման ենթակա։

«Ես Արաքս Դիլանյանին չեմ ճանաչել։ Նրա հաշվեհամարը ինձ փոխանցել է Արամ Հարությունյանը։ Երբ որ առաջին առերեսման ժամանակ նա ասաց, որ նման բան չի եղել, դրանից հետո քննիչը Դուբայից պահանջեց բոլոր հիմքերը, որից հետո էլ գործը վերաբացվեց։ Արաքս Դիլանյանը սուտ ցուցմունք էր տվել։ Քննիչի պահանջած փաստաթղթերը հիմնավորում են, որ իր հաշվեհամարին փոխանցում կատարվել է, որն էլ Արաքսը հետո փոխանցել է երեք այլ անձնավորությունների, որոնցից մեկը Վիկտոր Մարտիրոսյանը արդեն 6 ամիս է կալանավորված է։ Այսինքն հիմքերն ամբողջությամբ առկա են»,-ասաց տիկին Համբարձումյանը՝ շարունակելով, որ այդ գումարը նա Արաքս Դիլանյանի հաշվեհամարին է փոխանցել, քանի որ Արամ Հարությունյանին ասել է, որ չի կարող այդքան գումար կանխիկ տակ։ Արամ հարությունյանը պնդել է, որ գումարն իրեն շտապ է պետք և փոխանցելէ Դիլանյանի հաշվեհամարը, որին էլ Համբարձումյանը կատարել է փոխանցումը։ «Նա տվեց հաշվեհամարը, ես փոխանցեցի Արաքս Դիլանյանի հաշվին։ Մենք իրար չենք ճանաչել։ Դա՝ 14 միլիոն դոլարի կաշառքը եղել է 2008 թվականին»,-ասաց Համբարձումյանը։

Սիլվա Համբարձումյանն ասաց, որ իր փոխանցումից անմիջապես հետո, մեկ օր անց, Արաքս Դիլանյանն այդ 8 միլիոնը փոխանցել է կրկին Հայաստան երեք այլ անձանց՝ Վիկտոր Մարտիրոսյանի, Սևանի հոգեբուժարանի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանի և Արմեն Խաչատրյանի հաշվեհամարներին։ Վերջինս՝ Արմեն Խաչատրյանը, Համբարձումյանի խոսքով, ցուցմունք է տվել և ասել, որ այդ գումարը եղել է Արամ Հարությունյանին.«Այս երեք անձինք փոխկապակցված են Արամ Հարությունյանի հետ։ Գագիկ Կարապետյանն ու Արամ Հարությունյանը քավոր-սանիկ են, իսկ Արմեն Խաչատրյանն ու Վիկտոր Մարտիրոսյանը Արամ Հարությունյանի վեցնոցներն են եղել։ Շատ պարզ մեխանիզմ է գործել՝ ես փողը փոխանցել եմ Դուբայ Արաքսի հաշվեհամարին, որտեղից էլ ինքը դրանք նորից ուղարկել է Հայաստան այլ անձանց հաշվեհամարներին և այդ փողն անուղղակի կերպով կրկին հասել է Արամ Հարությունյանին, որի բոլոր հիմնավորումներն առկա են»,-ընդգծեց Սիլվա Համբարձումյանը։

Please enter a valid URL