Search
Close this search box.

Ոստիկանությունը տեսանյութ է տարածել Երևանում դաժան սպանության վերաբերյալ

Մարտի 19-ին՝ ժամը 18-ի սահմաններում, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգեցին և հայտնեցին, որ բուժօգնության է տեղափոխվել Շիրակի մարզի Նահապետավան գյուղում ապրող Համբարձում Եզեկյանը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով: Հոսպիտալացվելուց քիչ անց ոստիկանության Էրեբունու բաժին հնչեց ևս մեկ ահազանգ: Նույն բուժհաստատությունից հայտնեցին, որ 28-ամյա Համբարձում Եզեկյանը գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց սպանության հատկանիշներով: Սկսվեցին օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ ու քննչական գործողություններ: Պարզվեց, որ երիտասարդը դանակահարվել է Տիգրան Մեծի պողոտայում: Դեպքի վայրում հայտնաբերվեցին արնանման հետքեր և ծալովի դանակ, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Էրեբունու բաժնի գործընկերների հետ կարճ ժամանակում պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ: Նախնական տվյալներով՝ սպանված երիտասարդի և Սարի թաղում ապրող, 18-ամյա Աշոտ Գրիգորյանի միջև անհիմն վեճ է սկսվել: Անցորդների ներկայությամբ տեղի ունեցած պարզաբանումն էլ ավարտվել է դանակահարությամբ: Աշոտ Գրիգորյանը դիմել է փախուստի, դանակահարված երիտասարդն էլ՝ շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց:

Օպերատիվ տվյալների հիմնավորման արդյունքում նախաքննական մարմինը որոշում կայացրեց Աշոտ Գրիգորյանին ներգրավել որպես մեղադրյալ: Մարտի 20-ին նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում:
Տարված բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 27-ին հետախուզվողը ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին:

Ի դեպ, այս ընթացքում պարզվել է նաև, որ Աշոտ Գրիգորյանը նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին էլ Սարի թաղի 1-ին փողոցում վիճել է մի տղամարդու հետ, որին ևս դանակահարել է՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Նախաքննությունը շարունակվում է:

Please enter a valid URL