ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ըմպելիքների`ըստ շաքարայնության ակցիզային հարկման տարբերակից գազավորված ըմպելիքների հարկման տարբերակին անցնելը համարում է կառավարության` երկխոսությունների համար բաց լինելու արդյունք: Որոշակի փաստարկների առկայության պարագայում ընտրվել է գազավորված ըմպելիքների հարկման տարբերակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գազավորված ըմպելիքների հարկման մասին խոսեց ԱԺ ամբիոնից` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին:
«Մենք քննարկել ենք և եկել ենք այն եզրակացության, որ այդ հարցում ոլորտի ներկայացուցիչների փաստարկները ճիշտ են: Մեր գաղափարն այն էր, որ շաքարի որոշակի պարունակություն ունեցող ըմպելիքների դեմ մենք պետք է պայքար տանենք, որովհետև դա ուներ նաև առողջապահական նպատակներ: Հետո պարզվեց, որ այլ նյութ էլ կա, որն օգտագործվում է քաղցրությունն ապահովելու համար: Դա ասպարտամն է: Հետո շատ ճիշտ փաստարկ հնչեց` բա կոնֆետը, պեչենին և այլն: Մենք հիմա մտածում ենք, որ առողջապահական ընդհանուր քաղաքականության շրջանակում ծխելը, շաքարի օգտագործումը խնդիր է, որին պետք է անպայման անդրադառնանք: Բայց այս փուլում մենք որոշեցինք այս տարբերակն ընտրել»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց` փոփոխությունը, այս տարբերակն ընտրելը նրա վկայությունն է, որ կառավարությունը երկխոսություն է վարում: «Մենք մի բան չենք անում ու ականջներս փակում, ասում` ասել ենք, ուրեմն պիտի անենք: Շատ կարևոր եմ համարում, որ ցանկացած գաղափարի քննարկման համար բաց լինենք: Պետք է լսել և լինել լսելի»,-նշեց Փաշինյանն ու շեշտեց` այդպես էլ շարունակելու են: