Search
Close this search box.

Քաղաքապետարանը չի հերքում՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետը բարձրագույն կրթություն չունի

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում չհերքեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեակավարի բարձրագույն կրթության բացակայությունը։

«Հանրային ծառայություն իրականացնելու համար կա համապատասխան հոդված, որտեղ բարձրագույն կրթության պահանջ չկա»,-նշեց Կարապետյանը՝ մեկնաբանելով Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանի ֆեյբուքյան էջում կատարած գրառումը, ըստ որի Դավիթ Կարապետյանը չունի բարձրագույն կրթություն, հետեւապես նաեւ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու իրավունք։

Մեր այն հարցին, թե Խաժակյանը գրառումը կատարելիս օրենսդրությանը ծանոթ չի՞ եղել՝ մամուլի քարտուղարը նշեց. «Ինքներդ էլ կարող եք ուսումնասիրել օրենսդրությունը և հավաստիանալ՝ կա նման պահանջ թե՞ ոչ »,-նկատեց Կարապետյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Մարտի 19-ին տեղի ունեցած ավագանու նիստին քաղաքապետին ներկայացրեցի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վիճելի նկատողությունը կրթության, մշակույթի և սպորտի բաժնի վարիչին՝ խնդրելով հետևել գործընթացի օրինականությանը։

Քաղաքապետին ասացի, որ ակնհայտ է, որ վ/շ ղեկավարը թիրախավորված փորձում է աշխատանքից ազատել բաժնի վարիչին։

Դավիթ Կարապետյանը հարցապնդմանս օրը աշխատակցին տալիս է երկրորդ՝ խիստ նկատողությունը․․․

Փորձելով հասկանալ, թե վ/շ ղեկավարը ի՞նչ գիտելիքների է տիրապետում, որ նույն դեպքով հանրային ծառայողին երկու նկատողություն է տալիս, պարզեցի, որ վարչական պաշտոն զբաղեցնող պարոն Կարապետյանը կարծես չունի բարձրագույն կրթություն և հետևաբար նաև Հանրային ծառայության մասին օրենքով չունի այդ պաշտոնը զբաղեցնելու իրավունք»։

Please enter a valid URL