ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 26-ին, մասնակցում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, որի ընթացքում ակադեմիկոսները հանդես են եկել ԳԱԱ 2018 թվականի գիտական գործունեության հիմնական արդյունքների մասին զեկուցումներով:
Ժողովի ընթացքում վարչապետը նշեց, թե որ ոլորտում կարող է Հայաստանի Հանրապետությունը հաջողություն ունենալ. «Ըստ էության ես կարող եմ ասել՝ ինչ է ուզում պետությունը, Կառավարությունը գիտությունից. մենք հայտարարել ենք, որ տեսնում ենք Հայաստանի Հանրապետությունը որպես տեխնոլոգիական երկիր և հույս ունենք, որ Հայաստանում գիտությունը և գիտական պոտենցիալը, այդ թվում և ԳԱԱ-ն, ողջ թափով կսպասարկի քաղաքական այս տեսլականը»:
Անդրադառնալով գիտության ոլորտի ֆինանսավորմանը՝ վարչապետը նշեց. «Կանխավարկածն այնպիսին է, որ ֆինանսների բացակայության կամ սղության պատճառով ինչ-որ բան չի ֆինանսավորվում, ինչ-որ բան պակաս է ֆինանսավորվում, բայց ուզում եմ ասել, որ Կառավարությունում մեր աշխատանքի ընթացքում ես առաջարկել եմ ընդհանրապես հրաժարվել փողի մասին խոսակցությունից, որովհետև եթե որևէ խոսակցություն մենք սկսում ենք փողից, շատ արագ մտնում ենք փակուղի: Պետք է խոսել ոչ թե նրա մասին, թե ինչքան փող կա և մենք ինչքան ենք պատրաստ հատկացնել, պետք է խոսենք նրա մասին, թե մենք ինչ խնդիր ենք լուծում, ինչպես ենք պատկերացնում այդ խնդրի լուծումը…:
Հետևաբար, ես առաջարկում եմ, որ մենք ընդհանրապես այդ տրամաբանությունից դուրս գանք, որովհետև հարցն այն չէ՝ փող կա, թե չկա, հարցն այն է, թե ինչ ենք մենք ուզում»: