Search
Close this search box.

Լեռնահովիտ բնակավայրում կկառուցվի դպրոցական նոր շենք. (տեսանյութ)

Գեղհովիտ համայնքի Լեռնահովիտ բնակավայրի հիմնական դպրոցը գործում է շենքային խիստ անբավարար պայմաններում: 40 աշակերտ ունեցող դպրոցը գործում է երկհերթ՝ առանց մարզադահլիճի, սանհանգույցների, կենտրոնացված ջեռուցման, անհրաժեշտ այլ պայմանների: Լեռնահովիտում նոր դպրոց կառուցելու խնդիրն այսօր փորձում են հոգալ ոչ միայն Գեղարքունիքի մարզպետարանը, այլ նաև ֆրանսիական « Bonheure Rertrouve» բարեգործական ասոցիացիան, որի Հայաստանյան ներկայացուցիչ Ռուզաննա Ստեփանյանին մարտի 25-ին ընդունեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:


Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրեց Ռուզաննա Ստեփանյանը, ֆրանսիական «Bonheure Rertrouve» բարեգործական ասոցիացիան ծրագրել է բարեգործական համերգներից ու այլ հանգանակություններից հավաքագրված միջոցների հաշվին իր նպաստը բերել Լեռնահովիտ բնակավայրի նոր դպրոցի կառուցմանը: « Մեր կազմակերպությունը ուզում է բավարար միջոցներ գտնել՝ Լեռնահովիտում դպրոցական 40 տեղանոց նոր շենք կառուցելու համար: Այդ նպատակով մենք ուզում ենք հստակեցնել շենքի նախագծանախահաշվային արժեքի մոտավոր չափը, որպեսզի հասկականք, թե ինչ չափի հանգանակություն մեզ հարկ կլինի հավաքագրել: Մեր հիմնական նպատակն է՝ հասնել նրան, որպեսզի այս ուսումնական տարում Լեռնահովիտի հիմնական դպրոցի 40 աշակերտները ունենան կրթության ամենաարդիական պայմանները: Նոր դպրոցական շենքի կառուցման շրջանակում մենք անպայման ուզում ենք տեսնել մարզադահլիճը, ինչից եւս այս պահին զուրկ է հաստատությունը: Եթե մեր հանգանակած գումարները չբավարարեն, ապա միջոցները կուղղենք նոր շենքի կառուցմանը, իսկ մարզադահլիճի կառուցումը կարող ենք թողնել եկող տարվա ծրագրերում: Բոլոր խնդիրներում մենք ակնկալում ենք ձեր աջակցությունն ու համագործակցությունը»,- դիմելով մարզպետին՝ներկայացրեց Ռուզաննա Ստեփանյանը:
Մարզպետ Գնել Սանոսյանն իր հերթին նշեց, որ Լեռնահովիտի հիմնական դպրոցի նոր շենքի կառուցումը, ինչպես նաեւ բնակավայրում առկա այլ խնդիրների կարգավորումը գտնվում է մարզպետարանի ուշադրության կենտրոնում, որոնց շուրջ ձեռնարկվել են որոշակի նախնական քայլեր:

« Մենք ողջունում ենք ձեր կազմակերպության նախաձեռնությունն ու մարդասիրական առաքելությունը եւ աջակից կլինենք ձեր բոլոր ձեռնարկներին: Մենք հիմա Լեռնահովիտում հրատապ ենք համարում ոչ միայն դպրոցի շենքի, այլ նաեւ համայնքային կենտրոնի կառուցումը, ոռոգման եւ խմելու ջրամատակարարման ապահովումը, ճանապարհների հիմնանորոգման հետ կապված խնդիրների կարգավորումը, որոնք գույքագրել ենք համայնք կատարած այցերի ընթացքում: Մոտ ժամանակներում մենք կհստակեցնենք, թե այս ուղղությամբ որքան միջոցներ կհատկացնի կառավարությունը, եւ որքան՝ Գեղհովիտի համայնքապետարանը: Կարծում եմ, որ Լեռնահովիտում մենք գոհացուցիչ արդյունքներ կգրանցենք մեր եռակողմ համագործակցությամբ: Եթե ձեր հանգանակած գումարները քիչ լինեն, ապա պետությունն ու համայնքը պարտադիր կունենան իրենց մասնակցությունը: Առհասարակ, Լեռնահովիտը գտնվում է աշխարհագրական բարդ դիրքում, մարդիկ ապրում են դժվարին պայմանների մեջ, ու մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի այստեղ բոլոր խնդիրները կարգավորվեն օր առաջ»,-հավաստեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Առաջիկայում կհստակեցվեն Լեռնահովիտի հիմնական դպրոցի նոր շենքի կառուցման նպատակով տրամադրովող պետական կամ բարեգործական միջոցների հատկացումները եւ շինարարական մեկնարկի ժամկետները:

Please enter a valid URL