Ես Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիին զանգել եմ՝ հարցնելու համար, թե ինչու է չճշտված տեղեկություն հրապարակել։ Այս մասին ասյօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
«Այդ մասին ոստիկանությունը հաղորդում է տարածել, ես ինքս հրավիրել եմ իրեն, զրուցել եմ հետը, ինքը կարծեմ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ոստիկանապետից որեւէ սպառնալիք չի ստացել»,- նշեց նա։
Ոստիկանապետի խոսքով՝ խնդիրը ֆեյսբուքյան հրապարկման մեկնաբանություններն են եղել. «Խնդիրն այն էր, որ ֆեյսբուքյան շատ օգտատերեր Բորիս Մուրազիի հոդվածի տակի մեկնաբանություններ էին գրում, բայց անկեղծ ասած այդ մեկնաբանությունների մեջ էլ չկային սպառնալիքներ։ Ես, այնումանենայնիվ, հանձնարարել եմ ճշտումներ անել»։
Օսիպյանը շեշտեց՝ ինքը շատ լրագրողների է զանգում, շատ լրագրողներ էլ իրեն են զանգում. «Լրագրողները շատ կարեւոր գործ են անում, շատ են օգնում ոստիկանությանը, սակայն չճշտված տեղեկությունները խանգարում են ոստիկանությանը»։
Նա պնդեց, որ սպառնալից տոնով չի խոսել Բորիս Մուրազիի հետ, ընդամենը հարցրել է, թե ինչու է չճշտված տեղեկություն հրապարակել։
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, Նարեկ Սարգսյանը ինձ չի զանգահարել, եթե դա ապացուցվի, ես պատրաստ եմ հրաժարվել իմ պաշտոնից»,–եզրափակեց նա։