Search
Close this search box.

Աջ ղեկով ավտոմեքենաների թեման վարչապետը համարում է փակված. կառավարությունն ընդունեց նոր որոշում

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց աջակողմյան ղեկով մեքենաների հետ կապված խնդիրների լուծմանն ուղղված նախագծերի փաթեթին:

«Այս փաթեթի մեջ է մտնում նաև այն հարցը, որը նախորդ նիստում քննարկեցինք՝ աջ ղեկով մեքենաները, այդ թեման փակեցինք, չէ՞, հուսով եմ՝ ընդմիշտ», — «Արմենպրես»-ի փոխանցմամբ, դիմելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դրական պատասխան ստանալուց հետո որոշումը միաձայն ընդունվեց։

ՀՀ Ազգային ժողովի 2019 թվականի մարտի 13-ին և 14-ին արտահերթ նիստերի ընթացքում ընդունվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի արդյունքում հնարավորություն ընձեռվեց ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը:

Վերը նշված տրանսպորտային միջոցները Հայաստանի տարածքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառելու և շահագործելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում:

Նախագծերի ընդունման դեպքում «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի հիման վրա ՀՀ տարածք ներմուծված աջակողմյան համակարգ ունեցող տրանսպորտային միջոցները հնարավորություն կունենան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվեն և առանց ղեկի տեղափոխման շահագործվեն Հայաստանի Հանրապետության տարածքում:

Please enter a valid URL