Forrights.am-ը գրում է. Արցախի Ներքին Հորաթաղի զորամասում գլխուղեղի ծանր վնասվածք ստացած 20-ամյա նախկին ժամկետային զինծառայող Դավիթ Բաղիկյանի հայրը մեզնից իմացավ, որ տղայի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է դեռ անցյալ տարվա հունիս ամսին: Մինչ վերջերս վնասվածքի պատճառով առաջին կարգի հաշմանդամ դարձած Դավիթի ընտանիքը սպասում էր դատական նիստին:
Գործը կարճելու մասին Forrights.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական բաժնից՝ հավաստիացնելով, որ կարճման մասին որոշումն ուղարկվել է ծնողներին: Մինչդեռ Դավիթի հայրը՝ Սամվել Բաղիկյանը Forrights.am-ի հետ զրույցում պնդեց, որ իրենք կարճման մասին որոշում չեն ստացել:
«Եթե գործը փակում են, պիտի զինվորի հարազատին տեղյակ պահեն»,-տարակուսանք հայտնեց հայրը՝ հավելելով, թե Երևան գալուն պես դիմելու է վարչապետին՝ պահանջելով վերաբացել գործը ու նորմալ քննություն իրականացնել:
Դավիթի հորը տեղեկություն է հասել, որ զորամասում դժգոհել են, որ ինքը դիմել է լրատվամիջոցներին: «Երեխուն սարքել են ինվալիդ, քցել են ծնողի գլխին, ծնողին են մեղադրում, թե ծնողը ինչի՞ ա բողոքում»,-տարակուսանք հայտնեց հայրը՝ հավելելով, որ գործով վկաները վախենում են խոսել դեպքի հանգամանքների մասին:
«Էրեխուն տան, ջարդեն-փշրեն, գործը կարճե՞ն»,-հավելեց Դավիթի հորեղբայր Գրիշա Բաղիկյանը՝ շարունակելով. «Ես ուզում եմ, որ էդ վարրորդին դատեն: Մենք ընդհանրապես չենք իմացել գործը կարճելու մասին»:
Դավիթը երկար ժամանակ բուժվում էր Զինվորների վերականգնողական կենտրոնում: Նախնական տեղեկության համաձայն՝ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ, 20–ամյա Դավիթ Բաղիկյանը ծառայության ութերորդ ամսում դժբախտ դեպքի հետեւանքով բաց ծանր թափանցող գանգուղեղային վնասվածք է ստացել, սակայն խոսքի մասնակի վերականգնումից հետո Դավիթը ծնողներին ասել է, որ զորամասին ջուր բերող մեքենայի վարրորդը, ով պայմանագրային զինծառայող է, մեքենան հետ է տվել, ինչի արդյունքում ինքը մնացել է ցիստեռնի ու մեքենայի արանքում ու գլխի վնասվածք ստացել:
«Կանչել են, ասել են՝ արի, ջրի ցիստեռնը բռնի, ծանր ա, վարորդը մեքենան հետ է տվել, գլուխը մնացել է մեքենայի ու ցիստեռնի արանքում»,- պատմեց հայրը: Դավիթը քրգործով տուժող էր ճանաչվել, սակայն մեղադրյալի մասին տեղեկություն չկար:
Նշենք, որ պատահարի արդյունքում Դավիթը գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդ, պնևմոցեֆալիա, աջ քունքային բլթի ոչ մեծ էպիդուրալ հեմատոմա, գանգի հիմի էպիդուրալ հեմատոմա և գանգի հիմի կոտրվածք է ստացել:
5 ամիս կոմայի մեջ գտնվող զինվորը թեեւ ուշքի է եկել, սակայն առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ. Ինքնուրույն քայլել դեռեւս չի կարող խոսել, դժվարությամբ է խոսում։
Զինվորի հայրը պատմում է, որ պատահարի մեղավոր պայմանագրային զինծառայող վարորդը որևէ անգամ չի եկել հիվանդանոց՝ Դավիթին տեսնելու:
«Ես քննիչին ասել եմ՝ վարորդին ասա, թող գա, տեսնենք ոնց ենք ոտքի կանգնացնում երեխուն: Մարդ ա, դեպք ա պատահել ա, մեքնենան հետ է տվել, չի տեսել, որ Դավիթն էնտեղ կանգնած է: Բայց ինքը ասել է՝ վախենում եմ գամ, չեմ գա»,- պատմեց զինվորի հայրը՝ շարունակելով. «Վախենալը ո՞րն ա: Բայց դե մարդկություն էլ կա: Ոչ բողոք ենք ներկայացրել, ոչ փոխհատուցման պահանջ»:
Դավիթի հայրը նաև պատմեց, որ երկու անգամ Դավիթի հրամանատար Էրիկ Մկրտումյանն է եկել տեսության. «Եկել ա, թե կերևանք, կօգնենք, ոչ մի բան մինչև էսօր»:
Դավիթի ծնողները ամուսնալուծված են: Զինվորի մայրը՝ Նարինե Այվազյանը, ով աշխատում է Մեղրիում, ուշ-ուշ է կարողանում վիրավոր որդու կողքին լինել:
Ղարաբաղ գնալն ու քրգործի ընթացքին հետևելը վիրավոր զինծառայողի ծնողների համար հեշտ չի եղել: Նրանք հիմնականում Դավիթի թոշակով, անհատ բարերարների նվիրաբերած գումարներով ու պարտքերով են զինվորին խնամում հիվանդանոցում: Իսկ ՊՆ-ն, ինչպես ավել վաղ տեղեկացրել էնք, մերժել էր Դավիթի ծնողների՝ գումարային օգնության առթիվ դիմումը:
Բանակում հաշմանդամ դարձած զինվորների դեպքերի համար գրեթե ոչ ոք պատասխան չի տալիս
Հայաստանում ու արտերկրում ապրող հայերի հանգանակությամբ Գերմանիայում գլխի մի քանի ծանր վիրահատություն տարած 22-ամյա նախկին զինվոր Ալբերտ Դալլաքյանի գլխին կրակած հրամանատար Ավագ Նահապետյանը անցյալ ամռանը ընդամենը երկու տարվա պայմանական ազատազրկման դատապարտվեց: Ընդ որում, սպան այսօր էլ շարունակում է նույն ծառայությունը Հադրութի դիրքերում:
«Ուղղակի ապշած եմ: Ո՞նց կարող էր նման դատավճիռ լինել, նման թեթև պատիժ ու այդ հրամանատարը շարունակի ծառայե՞լ: Իմ նման շատ մայրեր այսօր նույն վտանգի առաջ են, որ իրենց երեխեն նրա ենթակայության տակ ծառայում է: Սա աններելի բան ա, որ կարա մեր պետությունը աչք փակի դրա վրա», -Forrights.am-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց Ալբերտի մայրը:
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: