Search
Close this search box.

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը սենսացիոն հայտարարություն է արել

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը սենսացիոն հայտարարություն արեց, չհերքելով այն պնդումը, որ մեր պատմության առավել դաժան և մասշատաբային ահաբեկչական ակտի կազմակերպիչ Նաիրի Հունանյանը կարող էր ԱԱԾ գործակալ լինել, և որ այդ կարևորագույն փաստն, ըստ էության, մինչ այժմ թաքցվել է հանրությունից։ Սա հոկտեմբերի 27-ի ահաբեկչության վրա կարող է նոր լույս սփռել, և տեսականորեն վերաբացել այդ գործում կազմակերպիչների և ոգեշնչողների առկայության մասին հանրությանը վաղուց հուզող հարցի քննությունը։

Ես ինքս 1999 թ հոկտեմբերի 27-ի և հաջորդած դաժան օրերին ֆիզիկապես հեռու եմ գտնվել Հայաստանից, և անմիջականորեն չեմ զգացել իրադարձությունների պուլսը, սակայն ինձ երբեք չի լքել այն զգացողությունը, որ այդ մասշտաբի ահաբեկչությունը չի կարող պարզապես կազմակերպած լինել ֆանատիկոսների խմբի կողմից, որքան էլ որ նրանք համոզված լինեն իրենց գործողությունների իրավացիության մեջ, և որ այդ գործողությունները պետք է ունենային ազդեցիկ շահառուններ, որոնք կամ կազմակերպել, կամ էլ առնվազն ոգեշնչել և պատրաստ են եղել օգտվել այդ գործողությունների արդյունքներից։ Դրան հաջորդած դեպքերը, և նախորդ իշխանության մշտական դժկամությունը հետաքննել այս խնդիրը, միայն ավելացրել են մարդկանց կասկածները։

Այսօր, 20 տարի անց, հնարավորություն է ստեղծվել նորից վերաբացել պատմության այդ մութ էջը, և փորձել հասկանալ, այնուամենայնիվ կար այնպիսի ուժ, որը շահագռգռված էր այդ ահաբեկչության արդյունքի մեջ, և ուղղորդում էր Նաիրի Հունանյանին, առավել ևս, որ նա դեռ կենդանի է, և կարող է տեսականորեն և խոսել։ Կարող է և չխոսել, վախենալով, որ այդ ուժը դեռ շատ հզոր է, և նույնիսկ բանտում կարող է իրեն գտնել։ Սակայն ակնհայտ է, որ ճշմարտության բացահայտումը բխում է մեր երկրի ժողովրդավարական զարգացման և պետության ամրապնդման շահերից, և կարող է լույս սփռել այն հարցերի վրա, որոնք շարունակում են տանջել ոչ միայն զոհված պետական գործիչների մերձավորներին և հարազատներին, այլև մեզ շատերիս։

Այսօր յուրաքանչյուրս կուզեինք համոզված լինել, որ մեր պետությունը բավարար ինքնիշխան և ուժեղ է, և ընդունակ է պաշտպանել իր իսկ ընտրված առաջնորդների ֆիզիկական անվտանգությունը, իսկ դրա համար, առնվազն, պետք է բացահայտել անցյալում տեղի ունեցած այս սարսափելի հանցագործությունը, և պատասխան տալ բոլոր օդում կախված հարցերին։ Սա նաև մեր պարտքն է 20 տարի առաջ զոհված պետական գործիչների հիշատակի առաջ, որոնք իրենց կյանքն են տվել, ծառայելով Հայաստանի Հանրապետությանը: Ուստի ես սպասում եմ, որ Արթուր Վանեցյանի հայտարարությանը կհաջորդեն կոնկրետ գործողություններ, և պետության իրավապահ մարմինները չեն վարանի այժմ արդեն իրականացնել իրենց սահմանադրական պարտականությունները։

Please enter a valid URL