Հունգարիայում ձերբակալել են սիրիացու, որը կասկածվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու համար: Ենթադրվում է, որ տղամարդը մահապատիժներ է իրականացրել:
Ինչպես գրում է korrespondent.net-ը` վկայակոչելով Հունգարիայի գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը, ձերբակալվածն ԻՊ անդամ է 2016 թվականից ի վեր, նա մասնակցություն է ունեցել սիրիական Հոմս քաղաքում մահապատժի զանգվածային իրագործմանը և սպանել առնվազն 20 մարդու:
Տղամարդը Հունգարիա է փորձել մուտք գործել կեղծ փաստաթղթերով, ինչի համար էլ ձերբակալվել է Բուդապեշտի օդանավակայանում:
Սկզբում հունգարացի իրավապահները պատրաստվում էին արտաքսել նրան Հունաստան, որտեղ ահաբեկիչը բնակվել է վերջին շրջանում: Սակայն վերջին պահին պարզվել է նրա կապը ԻՊ-ի հետ, ինչի արդյունքում սիրիացին այժմ ստիպված կլինի դատարանի առաջ կանգնել: