Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) հարցաքննության՝ 2016-ի օֆշորային սկանդալի գործով։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Օհանջանյանի խոսքով, Պողոսյանը չի ներկայացել հարցաքննության՝ պատճառաբանելով, որ արտերկրում է։
Պողոսյանն առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, ինչը մերժվել է, քանի որ, ըստ ՀՔԾ խոսնակի, այդպիսի ընթացակարգ օրենքով նախատեսված չէ։
Վարույթն իրականացնող մարմինը Պողոսյանին կրկին հրավիրել է հարցաքննության՝ առաջարկելով հայտնել Հայաստան վերադառնալու ժամկետները։
Այլ մանրամասն չի հաղորդվում։
ՀՔԾ-ն այստ տարվա հունվարի 24-ին վերսկսել է այս գործի վարույթը։ Քրեական գործը հարուցվել էր ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով։ Դրա համար հիմք էր հանդիսացել «Հետք»-ի հրապարակումն այն մասին, որ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների միջոցով բիզնես է արել, պաշտոնն օգտագործել է սեփական գործի զարգացման համար՝ թաքցնելով եկամուտները։