Search
Close this search box.

Մ. Սեդրակյանի և Գ. Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում. ՀՔԾ

Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնել։

Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից։ Պատասխանում մասնավորապես նշվում է. «Գ. Բեգլարյանի և Մ. Սեդրակյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում նրանց վերագրվող արարքների վերաբերյալ բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել, և քննիչի կողմից որոշում է կայացվել Գ. Բեգլարյանի և Մ. Սեդրակյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին»:

Արդյունքում՝ քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Հիշեցնենք, որ Ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրենի կողմից 2017թ. հաղորդում էր ներկայացվել՝ 2012-2016թթ ընթացքում նույն ընկերության նախկին գործադիր տնօրենի կողմից լիազորություններն ընկերության շահերին հակառակ օգտագործելու և ընկերության ներքին իրավական ակտերի ու ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ բազմաթիվ կազմակերպությունների վարկեր տրամադրելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով, որը վարույթ էր ընդունվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` 2017 թվականին որոշում էր կայացվել՝ նախկին գործադիր տնօրենին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Քրեական գործով շարունակվել էին կատարվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով, որի արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերվել՝ առերևույթ հանցավոր այլ դրսևորումների վերաբերյալ ևս։

Մասնավորապես՝ երեք տարբեր քրեական գործեր էին հարուցվել վարկային ընկերության բաժնետերերից մեկի անունից ՀՀ կենտրոնական բանկ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, նախկին գործադիր տնօրենի՝ ՍՊ ընկերության բաժնեմասը շորթելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասով, և ՍՊԸ-ում ներդրումներ կատարելու պատրվակով նախկին գործադիր տնօրենի կողմից քաղաքացու բանկային հաշվից 500.000 ԱՄՆ դոլար կանխիկացնելու ու յուրացնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որոնք միացվել էին մեկ վարույթում, և նախաքննության հետագա կատարումը հանձնարարվել էր ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։

Ըստ դրվագների կատարվել էին մեծածավալ քննչական գործողություններ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Արդյունքում՝ տվյալներ էին ձեռք բերվել՝ կատարված առերևույթ հանցավոր դրսևորումներին նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց առնչության վերաբերյալ։ Մասնավորապես՝ ցուցմունքներում որպես վարկային կազմակերպության նախկին գործադիր տնօրենից նրա բաժնեմասը շորթելուն, բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ապօրինի հավաքելուն առնչություն ունեցած անձի մատնանշվել էր ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գ. Բեգլարյանի անունը։ Բացի այդ, տվյալներ էին ձեռք բերվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մ.Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ դեպքերի վերաբերյալ:

Նկատի ունենալով, որ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար աշխատողների կողմից իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններով նախաքննությունը կատարվում էր ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից՝ 2018թ. օգոստոսի 28-ին որոշում է կայացվել՝ նշված քրեական գործը ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին:

ՀՔԾ-ում, փաստորեն, չի հաստատվել նախկին պաշտոնատար անձանց առնչությունը գործին, եւ վերջինս հետ է ուղարկվել ՀՀ ՔԿ։

Please enter a valid URL