«Հայաստանի վարչապետի դատողություններն այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղի բանակցային սեղան վերադարձի առաջարկը ոչ թե ձեւաչափի փոփոխություն է, այլ բանակցային ձեւաչափի վերականգնում», կարիք ունի լուսաբանության, քանի որ չկան փաստաթղթեր եւ որոշումներ, որոնք կկարողանան հիմնավորել այդ հայտարարությանը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը, հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ «ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարությունում հստակ ֆիքսվել է, որ բանակցային պրոցեսի ձեւաչափը ենթակա չէ փոփոխության եւ համանման հայտարարություններով հանդես են եկել նաեւ ԵՄ բարձր ներկայացուցիչները»։ Այս ամբողջը Բաքուն դիտարկում է որպես լուրջ ազդակ ուղղված Հայաստանին, եւ նաեւ աջակցություն՝ Ադրբեջանի դիրքորոշման հիմնավորվածությանը։ Հայտարարության մեջ հաջորդիվ ներկայացված է Ղարաբաղյան կարգավորման մասին Բաքվի ունեցած պաշտոնական տեսակետը, որից հետո արդեն հղում է արվում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 1992 թվականի մարտի 24-ի լրացուցիչ նիստի որոշմանը, որտեղ ԵԱՀԿ գործող նախագահողին հանձնարարվում է հրավիրել Մինսկի խաղաղ կոնֆերանս Լեռնային Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար եւ այս առնչությամբ արձանագրում, որ «ընտրյալ եւ մյուս ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղից կհրավիրվեն Կոնֆերանսին վերջինիս նախագահողի կողմից որպես շահագրգիռ կողմ, միայն Կոնֆերանսին մասնակից պետությունների հետ խորհրդակցելուց հետո։ Բաքուն շեշտում է, որ «նշված «ընտրված եւ մյուս ներկայացուցիչներ» հասկացության տակ պետք է հասկանալ ԼՂ ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի համայնքներին»։