Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է երկրի ղեկավարի պաշտոնից հրաժարվելու իր որոշման մասին:
«Ես որոշում եմ կայացրել դադարեցնել իմ լիազորությունները որպես նախագահ,- հայտարարել է Նազարբաևը՝ ելույթ ունենալով ղազախ ժողովրդի առջև երկրի հեռուստաալիքներից,- այս տարի լրանում է 30 տարին, ինչ ես զբաղեցնում եմ երկրի ղեկավարի պաշտոնը: Ժողովուրդն ինձ հնարավորություն տվեց լինել անկախ Ղազախստանի առաջին նախագահը»:
Երկրի նախագահի լիազորություններն անցել են խորհրդարանի նախագահին՝ Կասիմ Ժոմարթ Տոկաևին՝ մինչև երկրում ընտրությունների անցկացումը:
Նազարբաևն, ով այս տարի կդառնա 79 տարեկան, Ղազախստանի առաջին և առայժմ միակ նախագահն է: 1991 թվականից ի վեր նա մի քանի անգամ հաղթել է ընտրություններում: Վերջին անգամ՝ 2015-ի արտահերթ ընտրություններին, հավաքել է 97,75% քվե: Նրա պաշտոնավարման ժամկետը ավարտվելու էր 2020-ին:
Հավելենք, որ 2007 թվականին երկրի խորհրդարանը նրան՝ որպես երկրի առաջին նախագահի, հնարավորություն էր տվել առաջադրվել անսահմանափակ քանակությամբ: