Կառավարության, 2018 թվականի ծրագրում ներառված «երջանիկ քաղաքացի» եզրույթի շուրջ այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում բուռն բանավեճ ծավալվեց: Հիշեցնենք, խորհրդարանում քննարկվում է կառավարության ծրագրի կատարողականի հաշվետվությունն արդարադատության ոլորտում:
ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նկատեց` ի հեճուկս կառավարության ծրագրում ամրագրված «երջանիկ քաղաքացի» հասկացության, կառավարությունն իր օպտիմալացման եւ ապամոնտաժման ծրագրերով հակառակն է ապացուցում: Պատգամավորը մի քիչ ավելի պատկերավոր նկարագրեց իրականությունը`նկատելով, որ դպրոցներ կան, որտեղ սանհանգույցը բետոնե անցք է. «Ի՞նչ երջանիկ քաղաքացի»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն այսպես հակադարձեց ընդդիմախոսին. «Մարդկանց մոտ երջանկության ընկալումը, հատկապես տարիքով պայմանավորված, տարբեր է լինում»: Գեւորգ Պետրոսյանը ընդհատեց` հարցնելով. «Իսկ դուք ձեզ երջանիկ համարո՞ւմ եք»: «Ես ձեզ չէի ընդհատում, չնայած դուք ձեր խոսքերի մեջ շատ մանուպուլյատիվ բաներ էիք անում»,- հակադարձեց իշխանական թեւը ներկայացնող պատգամավորը: «Ձեր արտահայտությունների մեջ չափավոր եղեք, ի՞նչ է նշանակում մանիպուլյատիվ»,- արդեն Գեւորգ Պետրոսյանի նյարդերը տեղի տվեցին: «Ասում եք, որ տասնյակ հազարավոր կրճատումներ են սպասվում, գիտենք, որ որպես ընդդիմադիր կարող եք քննադատել, բայց գոնե այս հանձնաժողովում եկեք դա չանենք առանց հիմքի»,- վեճ-բանավեճը շարունակեց Վահագն Հովակիմյանը`պնդելով, որ պետական ապարատում տասնյակ հազարավոր կրճատումներ չեն լինելու: Նա, սակայն, չհստակեցրեց, թե ինչ քանակի կրճատումների մասին է խոսքը:
Բանավեճին միջամտեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Սրանից հետո ես վերջինն եմ ելույթ ունենալու, որ ով ի՞նչ ասի ես շուռ գամ իրեն պատասխանեմ: Ինչո՞ւ է ինձ պատասխանում, թող ծրագրին անդրադառնա»,- նետեց Գեւորգ Պետրոսյանը: Վահագն Հովակիմյանն էլ հավելեց, որ ԲՀԿ-ական պատգամավորն ազնիվ չէ, քանի որ նրա նշած խնդիրներն իրենք ժառանգություն են ստացել նախորդ իշխանությունների «ապաշնորհ աշխատանքի» շնորհիվ եւ տաս ամիսների ընթացքում այս կառավարությունից չեն կարող պահանջել, որ քսան տարվա համատեղ ուժերով քայքայածը միանգամից վերականգնել:
Ինչ վերաբերվում է Օպերայի հարակից տարածքի սպասարկման օբյեկտների ապամոնտաժմանը, ապա, Վահագն Հովակիմյանը պնդում է`ընդամենը Երեւանի կանաչապատ տարածքները, որոնք այլք բետոնապատել էին`սեփական կարիքների համար, իրենք նորից դարձնում են կանաչապատ: «Գուցե այն սրճարանները, ժամանակին երբ բետոնապատում էին, դրանց սեփականատերերի երջանկությունը դրանում էր, բայց ոչ հանրության»,- հեգնեց Վահագն Հովակիմյանը` հավելելով. «Շատ լավ է, որ հիմա բետոնապատողները փոքրամասնություն են, հակառակ դեպքում Երեւանն ամբողջությամբ բետոն կլիներ, նախկինները բետոնի սիրահարներ էին»: «Հիմա էլ, փաստորեն, կանաչի սիրահար են»,- իր բաժին հեգնանքը նետեց Գեւորգ Պետրոսյանը եւ իբրեւ պատասխան ստացավ`«Ոչ, կանաչապատման»:
Իր եզրափակիչ ելույթում, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ կրկին անդրադարձավ «երջանիկ քաղաքացի» եզրույթին`նկատելով, որ կառավարության ծրագրում «երջանիկ քաղաքացի» վերնագրված դրույթը ներառում է տարբեր ենթաբաժիններ: Նա օրինակ բերեց`մինչեւ ծրագրի ներկայացնելը ՀՀ 20 000 կենսաթոշակառուներ եւ 65 000 նպաստառուներ ստանում էին 16 000 դրամ նպաստ կամ թոշակ, իսկ այսօր արդեն 25 500 են ստանում եւ կարող են ասել, որ այս քաղաքացիներն ավելի երջանիկ կարող են իրենց զգալ: