Search
Close this search box.

«Չի փոխվել կազմը, նույն մարդիկ էին, մեզ մտերիմ մարդիկ, տարեթիվը կապ չունի»: Մարիամ Փաշինյանը՝ իր ծննդյան խնջույքի մասին

Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի այսօրվա հյուրը ՀՀ վարչապետի ավագ դուստրն է՝ Մարիամ Փաշինյանը: Վերջինս պատասխանելու է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին:

Մարիամ Փաշինյանը անդրադարձել է իր  20-ամյակի առթիվ կազմակերպված խնջույքին, որը մեծ աղմուկ էր բարձրացրել:

Մարիամ Փաշինյանը պարզաբանեց, որ 16 տարեկանից ի վեր, մի քանի տարի շարունակ իր ծննդյան տոները չեն նշել, քանի որ ինքն ընտանիքից հեռու է եղել, այդ օրերին քննական շրջան է եղել, իսկ այս տարի լրանում էր իր 20-ամյակը:

«Առհասարակ հայերիս մոտ սովորություն կա, որ մարդիկ նշում են կլոր տարիները, իսկ 20 տարին՝ հատկապես: Ճիշտն ասած, ես չէի ցանկանում, որ այդպես նշվի ծնունդս, ես մեծ ծնունդներ չեմ սիրում: Խնջույքի համար մայրս պնդեց՝ ինչպես յուրաքանչյուր մայր, որ կուզենար դստեր 20 տարին նշել: Նաեւ ասեմ, որ 2008 թվականին իմ փոքր քրոջ՝ Շուշանի 1 տարեկանն էր, հուլիսին, 2008-ին, երբ հայրս ընդհատակում էր եւ երկրում նման իրավիճակ էր, մենք քրոջս 1-ին տարեդարձը նշել ենք «Բելաջիո» ռեստորանում, որն այդ տարիներին բավական թանկ ռեստորան էր եւ հյուրերը նույն քանակի էին՝ մոտ 100 մարդ, որոնք նաեւ այս տարի իմ ծնունդին էին ներկա: Այսինքն, չի փոխվել կազմը, նույն մարդիկ էին, մեզ մտերիմ մարդիկ, տարեթիվը կապ չունի»:

Հաղորդավարի ճշտող հարցին, թե այդ մարդիկ ներկա պաշտոնյանե՞ր են, Մարիամ Փաշինյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ մի քանի հոգի հնարավոր է լինեն, որոնք ընկերներ են կամ բարեկամներ.

«Ես իմաստը չեմ հասկանում պաշտոնյային ծնունդի հրավիրելու միայն նրա համար, որ նա պաշտոնյա է, ես դրա գեղեցկությունը չեմ տեսնում»,-ասաց նա:

Հաղորդավարը նաեւ հարցրեց, թե 100 հոգանոց ծնունդը ճոխ չի՞ համարվում:

Մարիամ Փաշինյանը փոքր-ինչ մտածելուց հետո ասաց, որ չգիտի, թե այդ հարցին ինչ պատասխան տա, բայց կարող է ասել, որ իր ծնողներն իրենց աշխատավարձով փորձել են իր համար լավ բան կազմակերպել, ինչն ինքը գնահատում է, իսկ խոսակցությունները, թե Տերյան փողոցը փակ է եղել, սուտ են, քանի որ անգամ 1 րոպե փողոց չի փակվել:

Please enter a valid URL