Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 17-ին Լոռու մարզում տեղի ունեցած կողոպուտի փաստով։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 03։50-ի սահմաններում ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մարտի 16-ին՝ ժամը 22։30-ից մինչև մարտի 17-ի ժամը 02։50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք Մեծավան գյուղի Թեհլերյան փողոցի թիվ 7 տան բնակիչ՝ 82-ամյա Նույեմ Հակոբյանի տան պատուհանի ապակին հանելու միջոցով մտել են ներս և հարձակվել անօգնական կնոջ վրա, կպչուն ժապավենով փակել բերանը և նրանից հափշտակել ոսկյա մատանի, 220 հազար դրամ, 50 ԱՄՆ դոլար, 15 հազար ՌԴ ռուբլի և դիմել փախուստի։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Հակոբյանին պատճառվել է մոտ 600 հազար դրամի վնաս։