Տասն օրից ավելի ՇՊՀ-ում լուրեր էին շրջանառվում, որ հոգաբարձուների խորհրդի նախագահին անվստահություն հայտնելու հարց է դրված և, փաստորեն, համալսարանի կայքից (http://shsu.am/announcement-19-03/) տեղեկացա, որ հոգաբարձուների խորհրդի մարտի 19-ի հերթական նիստի օրակարգային առաջին հարցը, իրոք, ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահին անվստահություն հայտնելուն է վերաբերում:
Մինչև այս հայտարարությունը չէի հավատում, որ նման անհասկանալի հարց կարող է քննարկվել հոգաբարձուների խորհրդի նիստում: Հավանաբար, այս հարցը ծագել է մարտի 2-ից հետո, երբ համալսարանի ռեկտոր չընտրվեց: Մարտի 2-ի վերաբերյալ ես իմ կարծիքն արդեն հայտնել եմ և կարիք չկա նույնը կրկնել: 2018 թվականի կարևոր իրադարձությունը ՇՊՀ-ի համար Սահակ Մինասյանի ազատվելն էր ռեկտորի պաշտոնից և հոգաբարձուների խորհրդի նոր կազմի ձևավորումը: Իհարկե, շատերի նման ինձ համար էլ խորհրդի կազմը հեռու է կատարյալ, արդյունավետ, առավել ևս օբյեկտիվ լինելուց, բայց կարևորն այն էր, որ խորհրդի նախագահ ընտրվեց Լևոն Բարսեղյանը, քանի որ վերջինիս նախագահ ընտրվելը հույսեր ներշնչեց ապագայի նկատմամբ հավատով լցվելու համար:
Այս պահին ևս Լևոն Բարսեղյանի խորհրդի նախագահ մնալը բխում է բուհի շահերից և որպես ՇՊՀ-ի աշխատակից հորդորում եմ խորհրդի անդամներին հաշվի առնել, որ գոնե իմ շրջապատում եղած աշխատակիցները պաշտպանում են պարոն Բարսեղյանի նախագահ մնալու անհրաժեշտությունը: Տարաձայնություններ կարող են լինել ցանկացած միջավայրում, բայց օբյեկտիվ իրականությունը պահանջում է, որպեսզի Լևոն Բարսեղյանը մնա խորհրդի նախագահ: Ի վերջո, ցանկացած ողջախոհ մեկը պետք է շատ լավ պատկերացնի, թե ինչ ծանր ժառանգություն է բաժին հասել Լևոն Բարսեղյանին (ես չեմ նշում խորհրդին, քանի որ խորհրդի գոնե բուհական ներկայացուցիչները չեն մտածում բուհի մասին):
Հավելեմ նաև, որ ըստ բուհի պատերի և աստիճանների տակ շրջանառվող խոսակցությունների, հոգաբարձուների խորհրդի ՇՊՀ-ի ներկայացուցիչները կրկին լծվել են հերթական էժանագին ծրագրի իրականացմանը` փորձելով ապահովել Լևոն Բարսեղյանին անվստահություն հայտնելու պահանջվող ձայները:Օրինակ` Սահակ Մինասյանի ֆան-ակումբի մի քանի ներկայացուցիչներ, այդ թվում նաև հոգաբարձուների խորհրդի մի քանի անդամներ, իրենց պարագլխի՝ ՌԴ-ում գտնվող ուսանողուհուն գնահատական դրած և դրա համար չպատժված հանցագործի գլխավորությամբ, մի քանի ժամ նիստ են գումարել ամբիոններից մեկում, որի գլխավոր հարցը եղել է Բարսեղյանին անվստահություն հայտնելը: Լևոն Բարսեղյանը պետք մնա խորհրդի նախագահ…