ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սա է գործող կառավարության իրավաչափ վերաբերմունքը նախկինում ընդունված ոչ իրավաչափ որոշումների նկատմամբ…
Երբ նախկինները ծնկի բերելով դատական համակարգը կեղծ արդարադատության համակարգ էին ձևավորում, պետք է հասկանային, որ մի օր այն բումերանգի օրենքի նման վերադառնալու է հենց իրենց…Դա շատ պարզունակ մեխանիզմ է, որ գործում է հետադարձ արձագանքի օրենքի համաձայն:
Երբ որոշ քաղաքական զեղծարարներ փորձում են հասարակության մեջ սերմանել՝ ոչինչ չի փոխվելու, քանի որ երբեք և ոչ ոք չի պատժվելու թեզը, ապա պարզապես պետք է ասեմ, որ ամեն ինչ փոխվել է, իրենք ուղղակի ոչինչ չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել:
Եվ այսպես…
Սույն թվականի մարտի 6-ին ՀՀ Վարչական դատարանում տեղի ունեցավ իմ հայցի դատաքննությունը՝ ՀՀ նախագահի հրամանագիրն առոչինչ ճանաչելու պահանջով…
Դատաքննությունը տևեց շուրջ հինգ րոպե… և ավարտվեց… դատավորը մնաց միայնակ իր խղճի և համոզմունքի հետ. մնաց վճռի հրապարակումը… Անկախ ամեն ինչից երբեք չեմ անկանա, որ դատավորը երբևէ ՛՛ճաշակի՛՛ այն ամենը, ինչը ես տեսել ու զգացել եմ…
Գործող կառավարությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որպես պատասխանող կողմ ոչ միայն հայցադիմումի պատասխան չուղարկեց դատարան, այլև ՀՀ կառավարության ներկայացուցիչը երբեք չներկայացավ դատական նիստերին…
Եվ այսպիսով գործող իշխանությունները ցցուն և ակնհայտ մեսիջ հասցեագրեցին վարչական դատարանին, որ երբևիցե տուրք չեն մատուցելու ապօրինություններին և դատարան չներկայանալով՝ հայտնեցին իրենց քաղաքական և իրավական տեսակետն առ այն, թե իրենց համար ինչպիսի արժեք ունի ապօրինությունն ու նախկին ՀՀ նախագահի կողմից ընդունված ոչ իրավաչափ հրամանագիրը…
Եվ ոմանք դեռ զառանցում են, թե երկրում ոչինչ չի փոխվե՞լ…