ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Արարատի մարզի Ռանչպար գյուղ կատարած այցից ծանր տպավորություններով վերադարձա: Գիտեի, որ այցի արդյունքներով ինչ-որ հետեւություն պիտի անեմ, ինչ-որ բան պիտի ասեմ:
Նախ մտածեցի գրառում անել, բայց հասկացա, որ գրառումով չեմ կարողանա ասել այն ամենը, ինչ ուզում եմ ասել: Ապա՝ մտածեցի ուղիղ եթեր մտնել, բայց հասկացա, որ ուղիղ եթերում էլ ասելիքս կաղալու է:
Արդյունքում ստացվեց մի այսպիսի բանաստեղծություն, որն այդպես էլ վերնագրեցի՝ «Ռանչպար»: Սա, իհարկե, զրույց է մարդկանց հետ, նաեւ՝ անելիքի ամփոփ ծրագիր, նաեւ հանձնարարական պետական բոլոր մարմիններին՝ իրենց անելիքի էության ու բնույթի մասին:
Ռանչպար
Երազանքը երազելու համար չէ լոկ,
Երազանքի կյանք կերտելն է կոչումը մեր,
Տառապանքի մութ հատակից այս անողոք,
Մեր երազի թեւով պիտի թռչենք մենք վեր։
Մանուկների բորբ աչքերի կարոտը տես,
Ու՞մ ճամփան է պահում նրանց հայացքը լուռ՝
Հույսից զրկված հայրերիդ, որ ստվերի պես
Եկող ճամփով հեռանում եք դառն ու մրմուռ:
Բայց ծնկները մեր չեն ծալվի այս ամոթից,
Մեծ տունդարձի արահետը ձեր կդառնանք,
Այս գյուղերի ամեն անկյուն ու ամեն թիզ,
Ձեր ձեռքերի կախարդանքո՛վ պիտ շենանա:
Մենք կվառենք ձեր աչքերի կրակն անթեղ,
Երազանքը ձեր սրտերում կբորբոքենք,
Կթրթռանք ձեր ճամփեքին որպես կանթեղ,
Ու վերքերը հոգիների ձեր կամոքենք:
Որ դուք կանգնեք, որ դուք ելնեք՝ քայլեք խրոխտ,
Լույսով ցրեք հեռացումի բոթը դաժան,
Տառապանքի մութ հատակից այս անողոք,
Բացեք դուռը Հայրենիքի երջանկության։