Սիրելի հայրենակիցնե´ր, բարի´ մարդիկ, շարունակում եմ ձեզ ներկայացնել Հայկական Գուլագի դաժան պատմության շարունակությունը, որի նպատակն է, որ ոչ թե խղճաք մեզ, այլ իմանա´ք, թե ինչպիսի անմարդկային պայմաններում են մեզ պահել այն ժամանակվա իշխանությունները: Համակարգը ներքին հրահանգ էր ստանում, որը նրանց աշխատակիցներին թույլ էր տալիս մեր հանդեպ ցուցաբերել լկտի, անմարդկային ու ցինիկ վերաբերմունք: Մեր ներկայությամբ մեկը մյուսին ասում էր, որ եթե սրանցից ամեն մեկի համար 2 հազար դրամ տան, ի կատար կածեմ սրանց մահվան դատավճիռները:
Այդ սպանդանոց-դժոխքի խցերի ողջ տարածքում վխտում էին փայտոջիլները: «Սեղան” կոչվածի մոտ փայտոջիլներն այնպես էին քրքրում ձեռքերդ, որ նստելն անհնար էր: Ճիշտն ասած, այդ «սեղանի» մոտ նստելու կարիք էլ չկար, քանի որ այդ «ճաշատեսակներն» այնպիսին էին, որ իրեն հարգող խոզն անգամ չէր ուտի որդերով լցված գարշելի այդ լափը: Հաց կոչվածի միջուկն ամբողջությամբ թափվում էր, քանի որ կիսահում ու թաց խմոր էր: Բժշկության մասին խոսք անգամ լինել չէր կարող, քանի որ պատկերացում չունեինք` դա բուժաշխատող է, թե՞ոչ: Բոլորի աշխատակիցների պահվածքներն իրարից բացաձակապես ոչնչով չէին տարբերվում: Սակայն հիշում եմ, որ նրանք իրար հերթ չէին տալիս, քաշելու, հեռացնելու մեր ատամները, քանի որ գտնում էին, որ մեր արդեն կիսամեռ օրգանիզմներն այլևս ատամի կարիք չունեն: Այս դժոխային պայմաններին չդիմանալով, ծեծից ու սովից շուրջ 15 դատապարտյալ իրենց մահկանացուն կնքեցին: Մնացածներս էլ պարզապես գոյատևում էինք, խավարի մեջ սպասելով ու հուսալով միայն Աստծու լույսին ու գթասրտությանը, ինչ որ հրաշքի էինք սպասում:
Սիրելի ընթերցողներ, շատ մանրամասներ չեմ ցանկանում գրել, խնայելով ձեզ, քանի որ դժվար է դրան դիմանալ ու չվատանալ: Ֆաշիստական ճամբարների դաժանությունների մասին ֆիլմեր շատերդ եք տեսել: Ամեն դեպքում, հրաշքը կատարվեց, հեղափոխություն եղավ, փոխվեց իշխանությունը, հույսով լցվեցինք: Սիրելի´ ժողովուրդ, բարի´ մարդիկ, մենք հրաշքով ենք կենդանի մնացել, թո´ղ մեր իշխանությունները, մեր սիրելի Նիկոլը, հասկանա´ն մեր տառապանքները, հանեն մեզ մահվան այս գերեզմանից: Արդեն 25 տարի տառապել ենք, հասկացանք Աստծուն, կյանքի ու ճիշտ ապրելու գինը, ուզում եմ տեսնեմ թոռնիկներիս, ուզում եմ գրկեմ… Տվե´ք ինձ այդ հնարավորությունը:
Ցմահ դատապարտյալ` ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ