Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները մեծ քանակի ռազմամթերք են հայտնաբերել Արշալույսի տներից մեկում

Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արշալույս գյուղի տներից մեկում մեծ քանակի զինամթերք կա: Օպերատիվ տեղեկությունների հիման վրա հարուցվեց քրեական գործ։
Մարտի 13-ին դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց Արշալույս գյուղի 1-ին փողոցի բնակիչներից մեկի առանձնատանը։
Արդյունքում՝ տան ննջարանում, հագուստեղենի տակ հայտնաբերվեց զինամթերքի փաթեթավորված երեք պարկ:
Պարկերում կային՝ «ՊԿ» տեսակի գնդացիր, 2 «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, ձեռքի նռնականետ, ինքնաձիգի համար նախատեսված 2 նռնականետ, ձեռքի նռնականետի 3 հրթիռ, ձեռքի նռնականետի 6 վառոդ, «ՊԿ» գնդացրի փամփուշտների 3 ժապավեն՝ լիցքավորված համապատասխանաբար 210, 110 և 209 հատ փամփուշտով, ինքնաձիգի նռնականետի 10 հրթիռ՝ իրենց պատյաններով, ինքնաձիգի 11 պահունակ՝ լիցքավորված 415 փամփուշտով, 7.62 մմ տ/չ 30 փամփուշտ, ձեռքի գնդացրի 3 պահունակ՝ լիցքավորված 118 փամփուշտով, ինքնաձիգի փայտե խզակոթ, «ՊԿ» գնդացրի մետաղյա պահունակ, «ՊԿ» գնդացրի 2 պահեստատուփ, ինքնաձիգի պահունակների 3 պայուսակ և նռնականետի հրթիռների պայուսակ:
Ըստ տանտիրոջ` 71 տարեկան Անդրանիկ Թևանյանի հայտարարության՝ ռազմամթերքի մասին գիտեր միայն ինքն ու հանգուցյալ կինը: Իսկ զինամթերքը նա ձեռք է բերել Արցախյան ազատամարտի տարիներին, ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու համար:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Անդրանիկ Թևանյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Քննությունը շարունակվում է:
Ոստիկանությունը մշտապես եղել ու լինելու է հետևողական ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու հարցում:
Եվս մեկ անգամ հորդորում ենք այն քաղաքացիներին, որոնք ունեն ապօրինի ռազմամթերք՝ կամավոր հանձնել ոստիկանություն:

Please enter a valid URL