Մարտի 15-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Արարատի բաժնում Լուսառատ գյուղի մի բնակչից հաղորդում էր ստացվել, որ երկու հոգի, գողության նպատակով, մտել են իրենց տուն, դանակահարել եղբորն ու մեքենայով փախել։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 23.00-ի սահմաններում անհայտ անձինք ավազակային հարձակում կատարելու նպատակով մտել են Լուսառատ գյուղի Մաշտոցի փողոցի առանձնատներից մեկի ավտոտնակը։ Մինչ հարձակման էին պատրաստվել, նրանց նկատել էր տանտիրուհին։ Հրել էին կնոջը, փակել բերանը, հետո նրանցից մեկը դանակով հարվածներ էր հասցրել վրա հասած տանտիրոջը և դիմել էին փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց կատարողների ինքնությունները՝ Արտաշատի բնակիչ, 34-ամյա Էդգար Եդիգարյանը և լուսառատցի՝ 35-ամյա Արմեն Աբրահամյանն են։ Տանտիրոջը դանակահարողը Աբրահամյանն էր:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արարատի քրեական հետախույզները Եդիգարյանին հայտնաբերեցին Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհին, իսկ Աբրահամյանին՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի բաժնի և ԿՀԴՊԳՎ ծառայողները հայտնաբերեցին Աբովյան քաղաքում։ Եդիգարյանը և Աբրահամյանը՝ իր վարած «Մերսեդես Ց-180» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին, ներկայացվել Վեդիի քննչական բաժին և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Եդիգարյանի անձնական խուզարկությամբ գրպանից հայտնաբերվել է դիմակ:
Էդգար Եդիգարյանը և Արմեն Աբրահամյանը ձերբակալվել են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է։