Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը իր ֆեյսբուքյան իր էջում գրել․
Այն, որ իմ կողմից հիմնադրած «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ-ն Հայաստանի հանրային ռադիոյում վարձակալել է գրասենյակի տարածք, գիտեն բոլորը, գոնե հանրային ռադիոյի բոլոր աշխատակիցները։ Չեմ հասկանում, թե ի՞նչ նոր բացահայտում եք արել…
Մեր ընկերությունը հանրային ռադիոյին վարձակալության դիմաց տարեկան վճարում է 10,6 մլն դրամ, ինչը ավելին է, քան հիշյալ շրջանում վարձակալությամբ տրվող վերանորոգված տարածքների առաջարկը։ Ի՞նչն է այստեղ անօրինական կամ բարոյական տեսանկյունից վատ։ Այն, որ առաջնորդվելով ընկերներին օգնելու տրամաբանությամբ 4-րդ հարկում վարձակալել ենք խիստ անբարեկարգ տարածք, վերանորոգել և շուկայական արժեքի վերին սանդղակով վճարում ենք դրա դիմաց:
Լավ կլիներ, որ հիշյալ հրապարակման լրագրողը, այդքան ջանասիրաբար աշխատելով այս «հետաքննության» վրա, ուսումնասիրեր նաև հիշյալ տարածքում վարձակալության առաջարկի գները։
«Փոխկապակցվածության» մասին…
Ես շուրջ 40 տարի աշխատում եմ ռադիոյի և հեռուստատեսության ոլորտում։ Զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ և, բնականաբար, օգնել եմ շատ երիտասարդների մեր դաշտում կայանալու համար։ Ունեմ բազմաթիվ ընկերներ, հարազատներ, բարեկամներ։ Եթե հարցին նայենք hetq.am-ի տրամաբանությամբ, ապա կստացվի, որ ամբողջ հեռուստառադիոյի դաշտը փոխկապակցված է ինձ հետ։ Եթե ես ռադիոյի տնօրեն եմ եղել, ապա իմ հարազատներն ու բարեկամները պետք է հեռու՞ մնային ռադիոյի և հեռուստատեսության ոլորտից, որ «չփոխկապակցվեին»…
Ձեր տրամաբանությամբ, եթե որևէ մեկի հետ առևտրային, պայմանագրային փոխհարաբերություններ կան, ուրեմն փոխկապակցված ենք և օրե՞նք ենք խախտում…
Բացի այն, որ իրավական տեսանկյունից անհեթեթ է սույն ենթադրությունը, նաև տարօրինակ է լրագրողի տրամաբանությունը։
Մեկ այլ «լրատվամիջոց» օրերս գրել էր, որ ես իբր արտագաղթել եմ ԱՄՆ։ Ավելին, իբր ես ԱՄՆ-ից եմ եկել մշակույթի նախարար աշխատելու։
Բացարձակ անհեթեթություն է, քանի որ իմ ամբողջ կյանքը և աշխատանքային գործունեությունը ընթացել է մեր հասարակության, ժողովրդի աչքի առջև։
Ինչ վերաբերում է այսօր ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպա կամ Մերձավոր Արևելք իմ մեկնելու ձեր իբր «արտագաղթելու» ենթադրությանը, պետք է տեղեկացնեմ, որ ես ազատ մարդ եմ և յուրաքանչյուր ամիս մեկնում եմ արտասահման՝ մեր ընկերության գործերով և անձնական ծրագրերով։ Ձեր տրամաբանությամբ յուրաքանչյուր ամիս պետք է գրեք, որ Ամիրյանը արտագաղթեց Ռուսաստան, հաջորդ ամիս ներգաղթեց, ապա արտագաղթեց ԱՄՆ, հաջորդ ամիս ներգաղթեց…
Այս ամենից մի բան կարելի է եզրակացնել, որ հիշյալ լրատվամիջոցները մեր հասարակության մի հատվածի գրգռված տրամադրությունը էլ ավելի բորբոքելու, կեղծ օգտատերերի անուններից լկտի մեկնաբանություններ գրելու և սեփական կամ 3-րդ անձանց վրեժխնդրության գործառույթ են իրականացնում։
Ես հասկանում եմ, որ առաջիկայում որոշ պաշտոնների ընտրության հարց կա, և դա ձեզ խիստ նյարդայնացնում է։
Միանգամից ասեմ, որ որևէ պաշտոնի (ընտրովի կամ նշանակովի) հավակնություն չունեմ։
Եվ վերջում, հիշյալ լրատվամիջոցների ղեկավարների և մյուս ոգևորվածների համար կրկնում եմ վերջերս նորաձև դարձած և այս թեմային շատ համապատասխան խոսքը. «Հանգիստ նստե՛ք տեղներդ»…
Հարգանքով՝
Արմեն Ամիրյան