Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկշթայանի նախագահությամբ, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:
Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, որ դատարանը որոշումը կհրապարակի վաղը, ժամը 15:00-ին:
Հիշեցնենք, որ դատարանը երկու օր քննեց Քոչարյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդությունը: Այսօրվա նիստին մասնակցում էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը, որը բավականին երկար բացատրություն է տվել՝ մոտ 40 րոպե. «Մանրամասն ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել փետրվարի 19-ից սկսկած մինչեւ մարտի 2-ը: Ես պարոն Քոչարյանի փոխարեն հիմա մանրամասներ չեմ ներկայացնի: Մինչեւ հիմա մենք ինչ բարձրաձայնել ենք, նույն բաներն են արդեն իր տեսնակյունից՝ առաջին դեմքից»,- ասաց Ալումյանը:
Մեր հարցին, թե առաջադրված նոր մեղադրանքի՝ կաշառքի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը որեւէ հայտարարություն արե՞ց, պաշտպանը դրական պատասխան տվեց՝ նշելով. «Բացարձակ անհիմն մեղադրանք է, մենք այդ նյութերը վերլուծեցինք, որի հիման վրա նախաքննական մարմինը փորձում է ցույց տալ, թե կա հիմնավոր կասկած, կա ողջամիտ կասծած, որ այդպիսի դեպք է տեղի ունեցել, մանրամասն վերլուծվեց դա»,- ասաց նա: Մեր հարցին, թե Քոչարյանը ինչ ասաց կաշառքի վերաբերյալ, պաշտպանը պատասխանեց. «Ասաց, որ դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում, այդպիսի բան լինել չէր կարող»: