ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մանկահասակ երեխայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն:
Մանկահասակ երեխայի նկատմամբ բռնություն է գործադրել հայրը, ով հանդամասում գտնվող իրենց բնակության վայրում ծեծել էր իր ոչ կենսաբանական, սակայն հայրությունը ճանաչած մանկահասակ որդուն՝ ծնված 18.12.2017 թվականին: Ստացած մարմնական վնասվածքներից փոքրիկը տեղում մահացել էր:
Երեխայի մայրը փորձել է կանխել ամուսնու կողմից երեխային ծեծի ենթարկելը, սակայն տղամարդը հարվածներ է հասցրել նաև կնոջը:
32-ամյա տղամարդու կողմից երեխային հասցրած հարվածների արդյունքում փոքրիկն ստացել էր կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և մահացել:
Քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ 1986թ. ծնված տղամարդը նախկինում ևս բռնություն է գործադրել և՛ փոքրիկ տղայի, և՛ կնոջ նկատմամբ:
Մասնավորապես՝ 2018 թվականի սեպտեմբեր ամսին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անհարկի վիճաբանել է կնոջ հետ, որի ժամանակ մետաղյա ձողով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև մի քանի անգամ հարվածել է նաև մանկահասակ երեխային:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: