«Ազատությունը» զրուցել է Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ, նախօրեին բանտից ազատված Վազգեն Խաչիկյանի հետ: «Շատ բաների համար եմ զղջում, դա Աստված գիտի, մեկ էլ ես գիտեմ»,- այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը: «Զղջումը դա շատ ներքին զգացում է, որը չէի ուզենա բարձրաձայնել, հրապարակավ արտահայտվել: Շատ բան կա, որի համար զղջում եմ»,- հավելեց Խաչիկյանը: Ի վերջո, կատարվածի մեջ ձեզ մեղավոր ճանաչու՞մ եք, այս հարցին, նախկին պաշտոնյան պատասխանեց․ «Կա դատավարություն, քրեադատավարական օրենսգրքով, և կա Աստծո դատաստան: Իմ արարքների համար ես մեղավոր եմ Աստծո առաջ: Այն, ինչ-որ դատարանում էր քննարկվում, դատավարական պրոցես էր, որին չեմ ուզում անդրադառնալ: Դա իմ կյանքի մի փակված էջն է, որը չէի ուզենա կրկին անգամ բացել»: