«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մոտ էին եկել գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվողները, որոնք նախօրեին բողոքի ցույց էին անում կառավարության շենքի դիմաց։ Նրանք դժգոհում են Հարկային օրենսգրքի փոփոխություններից, որով բարձրացվում է գազավորված ըմպելիքների վրա դրվող ակցիզային հարկը, ինչը, ըստ գործարարների, կարող է հանգեցնել մինչեւ 30 տոկոս թանկացման, վաճառքի ծավալների անկման եւ, վերջապես՝ գործարանի փակման։
ԱԺ-ում նրանց հետ հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Սիմոնյանը գործարարների հետ հանդիպել էր նաեւ մի քանի օր առաջ, երբ նրանք կառավարության շենքի դիմաց ցույց էին անում։
Նա մեզ հետ զրույցում ասաց․ «Մեր քննարկումների շնորհիվ գրեթե վստահ ենք, կարելի է ասել՝ 90 տոկոս հավանականությամբ, այն նախագիծը, որի դեմ բողոքում էին, կփոփոխվի, եւ գործարարները չեն տուժի։ Սա ենթադրում է, որ նախագծում փոփոխություն կկատարվի»։
Նրա խոսքով, եթե այդ փոփոխությունը չկատարվի նախագծում, իրենք մտադիր են դրա հետ կապված շատ լուրջ միջամտություն կատարել։ «Կարող է եւ դեմ քվեարկենք, եթե փոփոխություն չլինի»,- ասաց նա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: