Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
սոցիալական հետազոտություների ազգային ինստիտուտի տնօրեն
Արման Սարգսյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Դեմոգրաֆիա. առկա իրավիճակ, զարգացման հեռանկարներ, լուծումներ» հադիպում-քննարկման ժամանակ
Թեման բավականին բարդ է, և բավականին բարդ է սեղմ խոսել կոմպլեքս, համապարփակ խնդիրներից: Դեմոգրաֆիկ խնդիրները հիմնական ցուցանիշներով նման են մի շարք երկրներում, բայց ի՞նչ յուրահատկություններ կան Հայաստանում: Դրանք մենք փորձել ենք ուսումնասիրել, որպեսզի առանձնացնենք այս խնդիրները՝ այս պատճառներով, և լուծման ճանապարհներ գտնենք: Միանշանակ, 1-ին՝ գերխնդիրը, մակրոգործոնը, որն ազդեցություն ունի, ծնելիությունն է: Ավելի արտահայտված է ծնելիության նվազումը: 2-րդ գործոնը, որը միանշանակ կա, եկողների և գնացողների մեխանիկական շարժն է, միգրանտների և էմիգրանտների տարբերությունը: Իհարկե համաձայն եմ այն մտքին, որ միգրացիայի խնդիրն է նաև մեծ չափով բերել ծնելիության նվազմանը:
Երկու բաոով՝ ՄԱԿ-ի կանխատեսումների մասին. ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ սցենարը ընդհանուր առմամբ վատատեսական է, բայց պետք է ասեմ, որ մեր տարածաշրջանում, ընդհանուր Եվրոպայում և ԱՊՀ երկրներում, բացի Ադրբեջանից և Թուրքիայից, բոլոր միտումները բացասական են. սա էլ է շատ հետաքրքիր: ՄԱԿ-ը երեք սցենար ունի՝ լավատեսական, միջին և վատատեսական: Միջին սցենարով՝ նվազումը շատ ավելի քիչ է, լավատեսականով՝ մի փոքր աճ է արձանագրված: Բայց սա ի՞նչ է նշանակում: Սա, ըստ ՄԱԿ-ի մեթոդաբանության, այլ հավասար պայմաններում է կանխատեսված, այսինքն՝ քաղաքականության լծակներով բնակչության թիվը ավելացնելու սցենար այստեղ չկա: Ասեմ, որ աշխարհում՝ մեզ նման միգրացիայի ներուժ ունեցող երկրներում, նման փորձ կա: Իհարկե դա շատ բարդ է, ծախսերը բավականին մեծ են, որովհետև ակնհայտ է, որ դեմոգրաֆիային թիրախավորելը սոցիալ-տնտեսական քաղաքականություն է, ուրեմն՝ զարգացումը պետք է ընթանա գրեթե բոլոր ուղղություններով: Խնդիրները սուր են, և կարծում եմ՝ այս պայմաններում, ինչքան էլ որ դա բարդ է, տեղին է մտածել լուծումների մասին: Իսկ լուծումները շատ ավելի բազմազան են:
Ուզում եմ ընդգծել լավատեսական միտումները: Իրոք շատ մեծ է ամպլիտուդը դեպի լավացումը՝ համեմատած նախորդ տարիների հետ: Ծնելիության անկումն է կտրուկ նվազել՝ 1200՝ 3000-ի փոխարեն (նախորդ 17-ի հետ համեմատած): Իհարկե, շատ կոպիտ ցուցանիշ է ուղևորափոխադրումը, բայց -36 000՝ 2017թվին, +15 000՝ 18 թվին, և դրա արդյունքում միգրացիայի սայդոն եթե 2016-18-ին կայուն -24 էր, հիմա արդեն իջել է էապես՝ 6000-ով, ավելի քիչ է բացասական միտումը: Ամեն դեպքում սա հետաքրքիր է և նշանակում է, որ որոշ չակերտավոր արհեստական գործոններով հնարավոր է որոշակի ազդեցություն ունենալ: Միանշանակ է, որ սոցիալ-տնտեսական մակրոմիջավայրը, տրամադրվածությունը, լավատեսությունը դեպի ապագան պետք է ազդեն, որովետև որոշում կայացնողը, որ պետք է գնա երկրից, որոշում կայացնողը, որ հետաձգում է երեխա ունենալը, միանշանակ իր երեխայի սոցիալական կայացման և կապիտալի կուտակման ռիսկերն է վերլուծում, և եթե լավատեսորեն է տրամադրված, այդ գեներացիան ավելի արագ է լինում:
Տեսեք, հիմնական խնդիրները շատ կարևոր են, բայց երբ ուզում ես մոտենալ լուծումներին, պետք է մի մակարդակ իջնես՝ ներքևի խնդիրները հասկանաս: Ի՞նչ հետաքրքիր՝ վատ իմաստով, խնդիր ունենք հիմա: Երեխա ունենալու միջին տարիքը վերջին 10 տարում աճել է 2 տարուց մի փոքր ավելի: Սա շատ հստակ մարտահրավեր է, ու նաև նշանակում է, որ մենք բնակչության նվազում այս աճից ենք ունեցել: Լուծումների առաջարկները կարծես պետք է հենվեն այս ավելի շոշափելի խնդիրների վրա: Ասեմ, որ ազգային ինստիտուտը քաղաքականության մշակմամբ և իրականացմամբ չի զբաղվում: Այն զբաղվում է հետազոտությունների իրականացմամբ և տալիս է զուտ առաջարկներ:
Երեք հիմնական գործոնների տակ ենք լուծումները դրել: Հայաստանում խնդիրները տասնյակ են, բայց փորձել ենք հասկանալ՝ որոնք են արտահայտված: Ես նշեցի՝ ծնելիություն, մեխանիկական շարժ և 3-րդ՝ մակրոգործոնը, կյանքի որակն է: Կյանքի որակի սահմանումը եվրոպական երկրների համար ներառում է նաև անվտանգության խնդիրը, սոցիալական ծառայությունը, կրթությունը և այլն: Ծնելիություն. Այո, խորհրդային ժամանակներում քաղաքային բնակավայրերի համեմատ՝ գումարային գործակիցը շատ ավելի բարձր էր գյուղերում: Այսօր մենք գյուղական բնակավայրերում ծնելիության հետ կապված հստակ արտահայտված խնդիր ունենք: Ակնհայտ է, որ որոշակի թիրախավորված քաղաքականություն պետք տարվի գյուղական, սահմանամերձ բնակավայրերում՝ հաշվի առնելով նաև մարզերի միջև տարբերությունները: Խնդիրն այստեղ զբաղվածության ակտիվացումն է, և կարծում եմ՝ գյուղատնտեսության զարգացումը նաև շատ ուղիղ կապված է տեխնոլոգիաների ներդրման հետ, որոնք կապահովագրեն գյուղացու ռիսկը:
Երկրորդ խնդիրը ծնելիության վերաբերյալ, որը մեր համոզմամբ մենք ունենք, մայրերի՝ երեխայի խնամքը ուսման կամ աշխատանքի հետ համատեղելու հնարավորություններն են: Մենք առաջարկել ենք մի շարք լուծումներ, որոնք կարծես մեծ ֆինանսական ռեսուրսներ չեն պահանջում: Օրինակ՝ մանկապարտեզներում, դպրոցներում երկարօրյաների ինստիտուտի վերանայումը, կամ գերատեսչական խնամքը. նման լուծում կա սկանդինավյան երկրներում, որտեղ մայրը կարող է աշխատավայրում գտնվել երեխայի հետ, եթե այլ լուծումներ իրեն ձեռնտու չեն և այլն: Սրանք միկրոլուծումներ են: Հիմնական լուծումներից մեկը ֆինանսական ուղիղ տրանսֆերտային աջակցությունն է: Մենք այսօր ունենք ծննդյան միանվագ նպաստ՝ 1-ին երեխայի համար ավելի քիչ, 2-րդը՝ մի քիչ ավելի շատ, 3-րդը՝ ավելի շատ: Հիմա իմ ասածը կարող է ծայրահեղ թվալ, բայց սա հետազոտություն է, ոչ թե քաղաքական կարծիք: Քանի որ մայրերի՝ երեխա ունենալու միջին տարիքը աճել է, ապա մենք հենց առաջին երեխան խթանելու խնդիր ունենք, և կարծում եմ, որ ամբողջ գումարի բեռը պետք է բերել դեպի 1-ին երեխան և մեծ թիվ նախատեսել, օրինակ՝ 1 մլն դրամ: Հաջորդը՝ համատարած երեխայի խնամքի նպաստ՝ ընդհուպ մինչև 18 տարեկան, ինչպես որ Եվրոպայում է, մեր հարևան որոշ երկրներում: Այսինքն՝ յուրաքանչյուր ամիս ծնողը ստանում է երեխային խնամելու նպաստ: Սա շատ երկարաժամկետ ծախս է ենթադրում, բայց կարող է էական էֆեկտ տալ և շատ հիմնական էֆեկտ: Սինգապուրում խնդիրը ո՞նց են լուծել. եկամտային հարկից են վճարում, և սա պետության համար անուղղակի ծախս է, այսինքն՝ աշխատող ծնողների գումարային եկամտային հարկից որոշակի մաս հատկացնում են որպես երեխայի խնամքի նպաստ: