Արցախի պաշտպանության բանակը հայտնել է հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում զոհի մասին: Ինչ հանգամանքներում է զոհվել մեր զինծառայողը, դեռեւս հայտնի չէ, պարզելու է քննությունը: Տեղեկությունը սակայն առանձնահատուկ ուշադրություն է գրավում այն իրադարձությունների պայմաններում, որոնք վերջին օրերին առկա են Արցախի հարցի կարգավորման գործընթացում, եւ հատկապես մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունենալիք Հայաստանի անվտանգության խորհրդի արտահերթ նիստի պայմաններում:
Հատկանշական է, որ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից վերադառնալով, Սերժ Սարգսյանը գրեթե անմիջապես՝ օդանավակայանից մեկնեց Արցախ եւ այցելեց հարավային սահման, որտեղ արձանագրվել էր ապրիլյան պատերազմի դիրքային կորուստը: Հատկանշական էր, որ Սարգսյանը նույնիսկ կոստյումը չէր փոխել կամուֆլյաժի, ինչն անում էր սովորաբար սահմանային դիրքեր այցելելիս:
Արդյոք Սանկտ-Պետերբուրգից հետո Սերժ Սարգսյանը փորձեց այդ հապշտապ, անմիջապես Արցախ այցով ընդդիմանալ Վիեննան չեղարկելու ռուս-ադրբեջանական փորձին: Եվ արդյոք դրա հետեւանքով նա ստացավ Հայաստանում հուլիսյան ծայրահեղ լարվածությունն ու ողբերգական իրավիճակը: Այդ ֆոնին էլ հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանի Սանկտ-Պետերբուրգ մեկնելու ճանապարհին հայտարարվեց Երեւանում Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալության մասին, զենք պահելու եւ ապստամբություն նախապատրաստելու մեղադրանքով կամ կասկածով:
Սարգսյանը կարողացավ հուլիսին պահել իշխանությունը, բայց հնարավոր է Վիեննայի գնով, ինչպես 2013-ին իշխանությունը պահեց Եվրասոցացիայի գործընթացի տապալման գնով:
2018-ի ապրիլին Սարգսյանը հասկացավ, որ երրորդ անգամ իշխանություն կարող է պահել այլեւս միայն Հայաստանի եւ Արցախի գնով, ու հայտարարելով, որ Նիկոլը ճիշտ է, ինքը՝ սխալ, հեռացավ:
Փաշինյանը գրեթե անմիջապես ձեռնամուխ եղավ Արցախի հարցում գործված գրեթե 25-ամյա սխալն ուղղելուն, ավելի շուտ՝ 2016-ի բանակի ուղղումը քաղաքական գործընթացի վերածելուն, կամ գործնականում մեկ-մեկուկես ամիս տեւած հետապրիլյան գործընթացը վերականգնելուն:
Դա բավականին բարդ գործընթաց է, դիմադրության բազմաշերտ օջախներով՝ թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս, այդ թվում Հայաստանի ներսում եղած օջախների աջակցությամբ: Տվյալ պարագայում խնդիրը լոկ Արցախի հարցը չէ: Այն հայկական պետականության եւ հայկական իշխանության հարց է: Փաշինյանը լավ է պատկերացնում, որ առանց այդ 25-ամյա սխալն ուղղելու հնարավոր չի լինելու պահել իշխանություն եւ պահել պետականություն:
lragir.am