«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» պատգամավոր, նախկին ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին դեռ չմոտեցած, հարցը չտված, ասաց․ «Սուտ է… այն ժամանակ էլ գրում էիք, որ դառնալու եմ ԵՊՀ խորհրդի նախագահ, տեսաք` չդարձա, հիմա էլ ԵՊՀ ռեկտոր չեմ դառնալու»: Իսկ ԵՊՀ խորհրդի հաջորդ նիստը ե՞րբ է տեղի ունենալու։ «Տեղյակ չեմ»: Եթե տեղի ունենա, եւ Ձեր թեկնածությունը, բոլոր դեպքերում, առաջադրվի, կհրաժարվե՞ք։ «Հիմա, այս պահին նման թեմա չկա»: Եթե լինի՞… «Չգիտեմ, հիմա չկա»:
Ի դեպ, ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար իշխանությունը քննարկում է նաեւ պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը, համենայնդեպս, վերջինս լրջորեն աշխատում է այդ ուղղությամբ, ինչը հարուցել է նախկին իշխանություններից դժգոհ ԵՊՀ աշխատակիցների զայրույթը:
Բանն այն է, որ երբ սկսվել էր հեղափոխական շարժումը, եւ Նիկոլենց թիմը` Արայիկ Հարությունյանի եւ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, գնացել էր համալսարանը «գրավելու», հենց Գեւորգյանն էր հանձնարարել դռները փակել հեղափոխականների առջեւ։ Ավելին` Նիկոլ Փաշինյանին ԵՊՀ մտնելիս վիրավորեց եւ ստացավ Փաշինյանի կոշտ պատասխանը: «Ու այսօր այնպես է ստացվել, որ դուռ փակողը ոչ միայն չի ազատվել աշխատանքից, այլեւ հավակնում է ռեկտորի պաշտոնին»,- ասաց ԵՊՀ-ականը»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում