Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Քշի՛, արա՛, խի՞ ես կայնել…». Մալաթիայում «Ջոնին» սպանել է հորաքրոջ որդուն ու «քաշել» քեռու տղային

1in.am-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Հարություն Մանուկյանի նախագահությամբ ավարտվեց Դավիթ Դեղոյանի գործի դատական քննությունը:

23-ամյա Դավիթին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանությանն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Դեղոյանն օժանդակել է իր հորաքրոջ որդի, 31-ամյա Կարեն Մինասյանի կողմից 38-ամյա Արշակ Գ.-ին սպանելուն՝ «նախապես Կարեն Մինասյանին խոստացած լինելով վերացնել խոչընդոտները, հանցագործության գործիքները, միջոցներն ու հետքերը, թաքցնել սպանությունը կատարողին»:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 23-ն անց 52 րոպեին Կարեն Մինասյանը, ով հայտնի էր «Ջոնի» մականունով, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում՝ Բաբաջանյան փողոցում, իր մեքենայում ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել և դիտավորությամբ կյանքից զրկել է Արշակ Գ.-ին:

Այս գործով անցնողները բարեկամներ են՝ սպանված Արշակ Գ.-ն սպանող Կարեն Մինասյանի հորաքրոջ որդին էր, իսկ Կարեն Մինասյանը սպանության օժանդակության համար մեղադրվող Դավիթ Դեղոյանի հորաքրոջ որդին է:

Այս սպանությունից տարիներ առաջ Կարեն Մինասյանը, ցանկանալով «Հաղթանակ» թաղամասում դեղատուն բացել և գումարի կարիք ունենալով՝ իր հորաքրոջ որդի Արշակից պարտքով վերցրել է 25 հազար դոլար՝ խոստանալով պարտքի մարումը շատ չձգձգել: Սակայն ժամանակն անցել է, նա չի վերադարձրել հորաքրոջ որդուց վերցրած գումարը:

Արշակը սկսել է անհանգստանալ, պարբերաբար հիշեցրել է Կարենին, պահանջել է վերադարձնել պարտքը, նույնիսկ այլ մարդիկ են խառնվել պարտքի վերադարձման հարցի լուծմանը: Սակայն Կարենը, ըստ տեղեկությունների, պարտքի մի մասն է վերադարձրել, իսկ մնացած գումարի վերաբերյալ ասել է, թե Արշակին «տալիք չունի»:

Պարտքը չմարելու հողի վրա Արշակի ու Կարենի բարեկամական հարաբերությունները լարվել, դարձել են թշնամական:

Ըստ մեղադրանքի՝ Կարեն-«Ջոնին» նախապես ձեռք է բերել ու իր «Նիսան Տիդա» մեքենայում պահել է հրազեն հանդիսացող ինքնաձիգ՝ փամփշտատուփով ու փամփուշտներով: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Դավիթ Դեղոյանը՝ Կարենի քեռորդին, տեղյակ է եղել Կարենի մտադրությանը:

Ըստ մեղադրանքի՝ դեպքի օրը՝ 2017 թվականի դեկտեմբերի 5-ի երեկոյան, Կարենն իր մեքենայով, որի ղեկին Դավիթ Դեղոյանն էր, շրջագայել է երևանյան փողոցներում: Շրջագայության ընթացքում Կարենը նկատել է Արշակի մեքենան, որ կայանված էր ոչ հեռու: Նա Դավիթից պահանջել է, որ վերջինս մեքենան վարի դեպի Արշակի մեքենան ու կանգնի նրա մոտ:

Դավիթը կատարել է հորաքրոջ որդու պահանջը: Ըստ մեղադրանքի՝ Կարենը Արշակին հարցրել է՝ ինչո՞ւ է այդ վայրում կայանել մեքենան, և Արշակը, ըստ մեղադրանքի, պատասխանել է հայհոյանքով:

Ժամը 23-ն անց 52 րոպեին Կարեն Մինասյանը մոտեցել է Արշակի մեքենային, հանել է ինքնաձիգը ու ձախ կողմից կրակոցներ է արձակել Արշակի վրա՝ նրան պատճառելով բազմաթիվ վնասվածքներ ու զրկելով կյանքից:

Ըստ մեղադրանքի՝ համաձայն Դավիթի հետ ունեցած պայմանավորվածության, Կարենը իր մեքենայով, որի ղեկին Դավիթն էր, անմիջապես մեկնել է «Զվարթնոց» օդանավակայան՝ ծանոթներից մեկի հետ պայմանավորվելով, որ նա գումար հասցնի:

Օդանավակայանում, ըստ մեղադրանքի, Դավիթը հանդիպել է Կարենի ծանոթ Համբարձումին, վերջինս 100 հազար դրամ է տվել, որը Դավիթը փոխանցել է Կարենին: Նա անմիջապես գնել է Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի տոմս և հեռացել է Հայաստանից:

Կարեն Մինասյանը հետախուզման մեջ է՝ դիտավորյալ սպանության ու ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 1-ին մասով: Այդ գործից անջատված մասով մեղադրանք է առաջադրվել Դավիթ Դեղոյանին:

Վերջինս Կարենի փախուստից հետո, ըստ մեղադրանքի՝ սպանության գործիքն ու հետքերը թաքցնելու նպատակով, Կարենի մեքենայի բանալին հանձնել է Կարենի կնոջ եղբորը՝ Գևորգին, նրան հայտնել է նաև մեքենայի մեջ գտնվող զենք-զինամթերքի մասին: Գևորգը մեքենան ու նրա մեջ գտնվող ապօրինի զենք-զինամթերքը թաքցրել է:

Որոշ ժամանակ անց, երբ Դավիթ Դեղոյանը կալանքի տակ է առնվել, խուզարկություններ են կատարվել այս գործով անցնողների տներում, Գևորգն ինքնակամ նախաքննական մարմնին է հանձնել Կարենի մեքենան ու մեքենայի մեջ իր կողմից հայտնաբերված ինքնաձիգը, փամփշտատուփն ու փամփուշտները:

Առաջադրված մեղադրանքում Դավիթ Դեղոյանն իրեն մեղավոր չի ճանաչել. «Էդ ամեն ինչը իմ համար պատահական է եղել, ես չէի ուզի, որ նման բան լինի»,- ասել է նա:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL