Բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության հետեւանքով տուժած հիվանդներ չեն եղել, լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Գնումների գործընթացը ընթանում է ըստ «Պետական գնումների մասին» օրենքի ամեն բուժհիմնարկում առանձին, քանի որ կենտրոնացված գնում չկա դրան», – նշեց նա։
Հիշեցնենք, որ բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցվել է քրեական գործ։
Հիշեցնենք, որ «Հետքի» հետ զրույցում «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը պնդել էր, որ պետական վերահսկողական ծառայությունը փորձում է խոչընդոտել իրենց ընկերության գործունեությունը: Խոսքը վերաբերում է Հեմոդիալիզի պարագաների մրցույթին։ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հայտարարած մրցույթում ըստ կայքի՝ հաղթել է «Զորաշեն» ՍՊԸ-ն, որը, armeps.am համակարգի տվյալներով, տարիներ շարունակ պետական հաստատություններին կահույք է մատակարարել, Երեւանի կամարանցումներն (դալան) է նկարազարդել եւ այլն: Նշված ՍՊԸ-ն, հաղթելով մրցույթը, երկրորդ փուլում ներկայացրել է մատակարարվելիք պարագաների տեխնիկական բնութագրերը: Այդ ժամանակ էլ պարզվել է, որ ներկայացված ապրանքները մանրազերծված են ռադիացիոն բետտա եղանակով, որը համարվում է մրցույթի խախտում։