Search
Close this search box.

ՃՈ-ն կմիանա ՊՊԾ-ին

«Հետքը» տեղեկություններ ուներ, որ Ճանապարհային ոստիկանությունը միանալու է Պարեկապահակային ծառայությանը։ Սրա վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով, Վալերիյ Օսիպյանին ուղղած մեր գրավոր հարցմանը պատասխանել է ոստիկանության հանրության հետ կապի եւ լրատվության վարչությունը։

Ոստիկանությունում կառուցվածքային լուրջ փոփոխություններ են սպասվում։ ՃՈ-ի եւ ՊՊԾ-ի հիմքով կստեղծվի նոր՝ Պարեկային ոստիկանություն։

ՀԿԼ վարչության գրության մեջ ասվում է, որ հասարակական անվտանգության ապահովան նոր համակարգեր են ստեղծվելու։ Ըստ «Հետքին» ներկայացրած տեղեկանքի, ոստիկանության պարեկային գործող ստորաբաժանումները՝ Երևան քաղաքի վարչության Պարեկապահակետային ծառայության գունդը, ինչպես նաև մարզային վարչությունների ենթակա բաժինների ՊՊԾ դասակները, ներգրավվում են բացառապես հասարակական կարգի պահպանման խնդիրների իրականացմանը, օժանդակում հանցավորությանը հակազդելու քրեական հետախուզության ստորաբաժանումների գործունությանը: Սակայն «Ոստիկանության մասին» օրենքով նախատեսված է ֆիզիկական և իրավաբանական անձանց օգնություն ցույց տալը՝ նրանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս: Օրենսգրքով նախատեսված խնդիրն ամբողջությամբ իրականացնելուն խոչընդոտում են կառուցվածքային և կազմակերպական ներկայիս կարգավորումները։

Պարեկային ոստիկանության գործառույթներն են լինելու քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելը նրանց կողմից սեփական իրավունքները եւ օրինական շահերը պաշտպանելիս, անօգնական կամ կյանքի համար վտանգավոր այլ իրավիճակներում հայտնված քաղաքացիներին օգնություն ցույց տալը, երթևեկության կազմակերպումը խցանումների, զանգվածային հասարակական միջոցառումների, դժբախտ պատահարների, այդ թվում՝ տեխնածին աղետների և արտակարգ այլ իրավիճակների ընթացքում:

Պարեկային ոստիկանությունը հետապնդելու է «տաք հետքերով» հետապնդելու է հանցագործություններ կատարած անձանց, պահպանելու է դեպքի վայրը, մասնակցելու է անհետաձգելի քննչական գործողությունների:

Պարեկային ոստիկանը պետք է ունենա բարձրագույն կրթություն, մրցութային եղանակով անցնելու է ուսուցում ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնում առնվազն երեք ամիս տևողությամբ, ունենալու է բանակցություններ վարելու, կոնֆլիկտներ հարթելու, քաղաքացիների հետ վստահելի շփումներ ունենալու, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու կարողություններ ու հմտություններ եւ այլն։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու այդ հարցերում:

Պարեկային ոստիկանությունը ստեղծվելու է Ճանապարհային ոստիկանության և ՊՊԾ ստորաբաժանումների հենքի վրա՝ որպես մեկ միասնական ստորաբաժանում, հաշվետու և պատասխանատու միայն ոստիկանության կենտրոնական ապարատին։ Այսինքն չի գործելու տարածքային մարմինների ենթակայության տակ:

Ըստ նախնական հաշվարկների՝ Երևան քաղաքում կպահանջվի 250 հատ հատուկ կահավորված տրանսպորտային միջոց՝ 3 հերթափոխով, յուրաքանչյուրը բաղկացած 2 ծառայողից, մարզերում կպահանջվի 430 հատ հատուկ կահավորված տրանսպորտային միջոց՝ 3 հերթափոխով:

Որպես Պարեկային ոստիկանության ենթակառուցվածք է հանդիսանալու օպերատիվ կառավարման կենտրոնը (ՕԿԿ): Այն իրենից ներկայացնում է իրավախախտումների և պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունող օպերատոր, որն այդ հաղորդումների բնույթի վերլուծության հիման վրա ապահովելու է պարեկային ոստիկանության ուժերի և միջոցների կառավարումը: ՕԿԿ-ին հասանելի են լինելու հասարակական վայրերում տեղադրված բոլոր տեսանկարահանող սարքերը, ոստիկանության և այլ մարմինների տեղեկատվական այն շտեմարանները, որոնք անհրաժեշտ են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար:

Կենտրոնն ունենալու է օպերատիվ կապ փրկարար ծառայության և շտապ օգնության կենտրոնների հետ: Կենտրոնին հասանելի են լինելու ոստիկանության պարեկային ծառայողների կողմից օգտագործվող շարժական տեսանկարահանող սարքերի նյութերը իրական ժամանակում՝ ըստ անհրաժեշտության (օրինակ՝ դեպքի վայրում հատուկ միջոցառում իրականացնելիս): Պարեկային ծառայողների տրանսպորտային միջոցները վերահսկվելու են նրանց վրա տեղադրված GPS համակարգի միջոցով: Բոլոր բնակավայրերը ՕԿԿ-ն վերահսկելու է 2D ձևաչափի գեոտեղեկատվական համակարգով քարտեզի օգնությամբ:

Կենտրոնը հնարավորություն է տալու կատարել հանցավորության վիճակագրական վերլուծություններ ավտոմատ եղանակով, տեսանյութերում ֆիքսված կասկածելի անձանց նույնականացնել դիմապատկերով՝ բնակչության պետական ռեգիստրում առկա բիոմետրիկ լուսանկարների օգնությամբ եւ այլն:

ՕԿԿ-ների համար Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից նախատեսվում է հատկացնել 450 հազար ԱՄՆ դոլար վարկային միջոցներ:
hetq.am

Please enter a valid URL