Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան հայտարարում է, որ նարգիլեն ավելի շատ թունավոր նյութեր է պարունակում, քան ծխախոտը։ Ընդ որում՝ նարգիլե ծխելիս ընդամենը կես ժամում օրգանիզմն ավելի շատ ածխածնի օքսիդ է ստանում, քան սովորական ծխախոտի դեպքում, գրում է med.news.am-ը։
Ածխածնի օքսիդը (շմոլ գազ) սրտի և արյունատար անոթների լուրջ վնասվածքներ է առաջացնում։ Նարգիլեի մեջ նիկոտինի, արճճի և մկնդեղի պարունակությունը գերազանցում է ծխախոտում քաղցկեղածին նյութերի պարունակության ցուցանիշները։
Մասնագետները թախանձագին խնդրում են խուսափել ծխախոտի ցանկացած ձևն օգտագործելուց, բայց երիտասարդների շրջանում տարածված է այն թյուր կարծիքը, թե նարգիլեն պակաս վնասակար է, քան ծխախոտը։ Այնինչ այս տեսակետը գիտականորեն ապացուցված չէ։
«Կան հիմքեր ենթադրելու, որ նարգիլե ծխելը կախվածություն է առաջացնում, և կարող է հանգեցնել այլ ծխախոտ ծխելուն»,- նշում են փորձագետները։
Մեկ ժամ նարգիլե ծխելիս օրգանիզմ 100 ծխախոտի չափ ծուխ է ներթափանցում։ Ի տարբերություն սիգարետի, նարգիլեի ծխախոտի բաղադրության մեջ կան անուշահոտ յուղեր և քաղցրացնող նյութեր (չրեր, մելասա (կերամաթ), շաքար)։ British Heart Foundation-ի տվյալներով՝ մեծ տարածում ունեն խնձորի, սալորի, կոկոսի, մանգոյի, անանուխի, ելակի և կոլայի համերը։
Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի հայտարարությունը հրապարակվել է Circulation ամսագրում։