Search
Close this search box.

Ալավերդիում 28-ամյա երիտասարդը հայհոյել է «հավայի» ֆորմա հագնողներին ու դաժանաբար սպանել ընկերոջը

1in.am-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Գարիկ Դալլաքյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ:

28-ամյա Գարիկ Դալլաքյանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության ու դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 20-ի սահմաններում Գարիկ Դալլաքյանը մի քանի ալավերդցիների, այդ թվում՝ գործով տուժողներ Հայկ Ս.-ի ու Արմեն Մ.-ի հետ Սանահին թաղամասում գտնվող ավտոտնակներից մեկում հաց է կերել, տնական օղի է խմել:

Ժամը 23-ի սահմաններում զինվորական համազգեստ կրող սպա Վարդան Գ.-ի ներկայությամբ Գարիկ Դալլաքյանը վիրավորական արտահայտություններ է արել համազգեստ կրողների վերաբերյալ, ապա վիճաբանության մեջ է մտել Հայկ Ս.-ի հետ: Վերջինիս հետ դուրս է եկել ավտոտնակից:

Վիճաբանության ընթացքում Գարիկ Դալլաքյանը, ըստ մեղադրանքի, իր մոտ գտնվող ծալովի, տուրիստական տիպի դանակով 5, որոնցից 2-ը՝ շատ ուժգին հարվածներ է հասցրել Հայկի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով պարանոցի, կրծքավանդակի հետին մակերեսի՝ կրծքավանդակի խոռոչ թափանցող, գոտկային շրջանի՝ հետորովայնամզային տարածություն թափանցող, հետույքային շրջանի և ձախ ազդրի շրջանի ծակած-կտրած վերքերի ձևով ծանր վնասվածքներ, որոնց հետևանքով առաջացած տրավմատիկ, հեմոռագիկ և պլևրոպուլմոնալ շոկի արդյունքում Հայկ Ս.-ն մահացել է:

Նույն ժամանակ Արմեն Մ.-ն, դուրս գալով ավտոտնակից և տեսնելով, որ Գարիկը Հայկին դանակով հարվածներ է հասցնում, միջամտել ու հրել է Գարիկին, իսկ վերջինս, ըստ մեղադրանքի, նույն դանակով մեկ հարված է հասցրել Արմեն Մ.-ի որովայնին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ որովայնի խոռոչ թափանցող վնասվածքի ձևով:

Նախաքննության ժամանակ Գարիկ Դալլաքյանն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում նա նշել է, թե դեպքի օրը Կամոյի ավտոտնակում տնական մրգային օղի են խմել: Քիչ անց մի քանի տղաներ էլ են եկել ավտոտնակ, այդ թվում՝ Հայկը, Վարդանը, Արմենը… Վարդանը զինվորական սպա է, եկել էր համազգեստով:

Նրանց գալուց հետո ինքը շարունակել է խմել: Խոսակցության ընթացքում ինքը Վարդանին ասել է. «Կարևորը ֆորմա հագնելը չի, մարդս մարդ ըլնի»:

Տղաները իրեն հորդորել են նման բաներ չասել:

Մի քանի րոպե անց Վարդանն ու Արթուրը հեռացել են:

Հայկը մոտեցել է իրեն ու առաջարկել է դուրս գալ ավտոտնակից:

Դուրս են եկել, քայլել են մոտ 15 մետր: Խոսել են իր կողմից Վարդանին վիրավորելու մասին: Հայկը անհասկանալի պատճառով իրեն հայհոյել է: Ինքը զայրացել է այդ հայհոյանքից, տաբատի գրպանից հանել է իրեն պատկանող դանակը ու մի քանի անգամ հարվածել է Հայկին: Վերջինս ընկել է գետնին:

Դրանից հետո ինքը դանակով էլի է հարվածել Հայկին՝ չի հիշում՝ քանի անգամ: Ապա տեսել է մոտեցող Արմենին: Որպեսզի նա չմոտենա, դանակով մեկ անգամ հարվածել է նրա որովայնին ու դիմել է փախուստի:

Ճանապարհին զանգել է ծանոթ տաքսիստի, խնդրել է իրեն տանել Թեղուտ գյուղ: Գնացել է կնոջ ծնողների տուն:

Ճանապարհին վարորդը տեսնելով իր ձեռքերին արյան հետքերը՝ հարցրել է՝ ի՞նչ է պատահել, ինքը պատասխանել է՝ իբր քթից արյուն է եկել:

Աները, տեսնելով իր հագուստների ու ձեռքերի վրայի արյան հետքերը, նույնպես հարցրել է՝ ի՞նչ է պատահել: Ինքն ասել է, թե կռիվ է արել:

Լվացվել է, մաքրել է դանակի վրայի արյան հետքերը, դանակը դրել է գրպանը: Ցանկացել է քնել, բայց ոստիկանները եկել ու իրեն տարել են ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ խուզարկությամբ իր գրպանում հայտնաբերել ու առգրավել են դանակը:

Գարիկ Դալլաքյանը հայտարարել է, թե զղջում է, խնդրել է ներել իրեն:

Դատարանում հարցերին պատասխանելով՝ Գարիկը հայտնել է՝ ինքը Վարդանի հասցեին ասել է՝ կարևորը ֆորման չի, մարդս մարդ ըլնի: Հայկը իրեն հարցրել է՝ որ էդպես ա, Ապրիլյան պատերազմին ինչո՞ւ չմասնակցեցիր: Ինքն էլ նույն հարցը նրան է տվել: Հայկն ասել է, թե վախեցել է:

Ինքն էլ ասել է՝ ուզում էի գնամ, բայց արդեն չէին տանում: Դրանից հետո Հայկն առաջարկել է ավտոտնակից դուրս գալ ու խոսակցությունը դրսում շարունակել…

Հետո, ըստ Գարիկ Դալլաքյանի, դրսում Հայկն իրեն հայհոյել է, հարվածել, գետնին է գցել, ոտքերով է խփել…

Ըստ Գարիկի՝ ինքը նախկինում Հայկի հետ խնդիրներ չի ունեցել, նրան խփել է միայն այդ պահին իրեն վիրավորելու համար…

Արմեն Մ.-ին էլ խփել է պատահական՝ իներցիայի տակ է խփել՝ շրջվելու պահին: Ինքը նրան չի հետապնդել, ինքը պարզապես իրեն է պաշտպանել Հայկից, քանի որ նրա կողմից ոտքով իրեն հարվածելու ժամանակ վտանգ է զգացել:

Գարիկը նշել է, որ նախաքննության ժամանակ չի ասել, թե Հայկն իրեն գետնին է գցել ու ոտքերով հարվածել: Ինքը չի ցանկացել Հայկին սպանել, մութ էր, ինքը խփում էր, բայց չէր պատկերացնում, որ հարվածները դիպչում են նրան, ու չէր ցանկանա, որ այսպիսի ավարտ լինի…

Տուժող Արմեն Մ.-ն Գարիկի ցուցմունքից հետո հայտարարել է, թե Գարիկի պնդումն այն մասին, որ Հայկը նրան խփել, գցել է գետնին, իրականությանը չի համապատասխանում: Նրանց դուրս գալուց վայրկյաններ անց ինքն է դուրս եկել ու տեսել է, որ Գարիկը նստած է Հայկի վրա ու դանակով խփում է Հայկին…

Տուժող Արմեն Մ.-ն հայտնել է, թե Գարիկն իրենց թաղի բնակիչ է, նույն թաղում են մեծացել, Հայկն էլ կողքի բակից էր, նրա հետ ընկերական հարաբերությունների մեջ է եղել:

Երբ դրսում տեսել է Գարիկին՝ Հայկի վրա նստած ու հարվածներ հասցնելիս, մոտեցել , քաշել է Գարիկին ու մի կողմ է հրել: Գարիկը առաջացել է, ինքն էլ գնացել է դեպի Գարիկը, բռնել է նրա շորերից, նախատել է: Այդ ժամանակ Գարիկը դանակով խփել է իրեն:

Նախաքննական ցուցմունքում Արմեն Մ.-ն հայտնել է, որ Վարդանը զորամասերից մեկում դասակի հրամանատար է, նա եկել էր զինվորական համազգեստով: Գարիկը ասել է. «Ֆորմեն չեմ հարգում, ֆորմեն կռվող տղու համար կապ չունի», հետո նա հայհոյել է համազգեստ կրողների հասցեին: Բոլորով Գարիկին դիտողություն են արել, Արթուրն ու Վարդանը հեռացել են… Հայկը դիտողություն է արել, Գարիկը նրան ասել է՝ էդքան չկաս, որ ինձ դիտողություն անես… Նրանք դուրս են եկել ավտոտնակից՝ խոսակցությունը շարունակելու, քիչ հետո իրենք «դմփոց» են լսել…

Արմեն Մ.-ն պահանջել է, որ կատարածի համար Գարիկ Դալլաքյանը ենթարկվի պատասխանատվության…

Դատարանը ոչ արժանահավատ է գնահատել Գարիկ Դալլաքյանի՝ դատարանում առաջ քաշած վարկածը, թե Հայկի հարվածներից պաշտպանվելու համար է դանակը գործադրել:

Դատարանը հաշվի է առել, որ Գարիկ Դալլաքյանի խնամքին են չորս և հինգ տարեկան երեխաները, թոշակառու, վատառողջ ծնողները:

Որպես Գարիկ Դալլաքյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ հաշվի է առնվել, որ հանցավոր արարքները նա կատարել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով:

Գարիկ Դալլաքյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով: Նա վերջին հաշվով դատապարտվել է 15 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի նոյեմբերի 29-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ամբաստանյալ Գարիկ Դալլաքյանը:

Վերաքննիչ բողոքում նա շեշտել է, թե ինքը դանակով հարվածներ հասցնելու պահին ոչ թե տուժող Հայկ Ս.-ին սպանելու, այլ ինքն իրեն պաշտպանելու նպատակ է ունեցել: Հայկի գործողություններից ինքը վնասվածք է ստացել թիկունքի շրջանում:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL