Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը: Շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կլինեն սահմանին:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ողջունելով սահմանապահ ոստիկաններին, շնորհակալություն հայտնեց հայրենանվեր ծառայության համար և մաղթեց բարի ու անփորձանք ծառայություն:
Ավանդույթի համաձայն ոստիկանները դիրքեր մեկնելուց առաջ երդվեցին ու աղոթեցին:
Հանդիսավոր երթով Տավուշ մեկնեցին ոստիկանության հասարակական կարգի պահպանման զորամասի ծառայողները, իսկ հաջորդ օրը նրանց ծառայակից ընկերները վերադարձան նույն դիրքերից:
Նրանց դիմավորելու էր եկել ՀՀ ոստիկանության պետը:
Վալերիյ Օսիպյանը նշեց, որ դիրքապահ ոստիկանները ողջ համակարգի հպարտությունն են. «Մենք հպարտանում ենք ձեզնով, հպարտանում ենք, որ մեր շարքերում, մեր կողքին ծառայում են մեր անվտանգության երաշխավորները»,- ընդգծեց ՀՀ ոստիկանության պետը:
Նա նաև շնորհավորեց ոստիկանների կանանց մարտի 8-ի առթիվ. «Մեր սահմանապահների ամուր թիկունքը հենց դուք եք սիրելի կանայք և ձեզնով է պայմանավորված մեր ուժեղ լինելը», — ասաց Վալերիյ Օսիպյանը:
ՀՀ ոստիկանության պետի հրամանով բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ ծառայողներ պարգևատրվեցին պատվոգրերով:
Ի դեպ պարգևատրվողներից մեկն, ինչպես պարզվեց, շարքում չէր: Վատացել էր ծառայողի ինքնազգացողությունը և գտնվում էր զորամասի բուժկետում:
Հանդիսավոր երթն ընդունելուց հետո ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այցելեց ոստիկանության զորքերի զորամաս, հանդիպեց ոստիկանին ու մաղթեց առողջություն:
Վալերիյ Օսիպյանը նաև շրջեց զորամասի տարածքում, ծանոթացավ ծառայության պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը: