Search
Close this search box.

Դիմում եմ Ձեզ՝ սոցկայքերը աշխատավայր դարձրած ու «լայվեր» սիրող իշխանական ֆրակցիայի պատգամավորներ. Ցմահ դատապարտյալ

Զարմացել եմ ու շարունակում եմ զարմանալ մեր նոր Հայաստանի նորաթուխ պաշտոնյաներով ու քաղաքական գործիչներով։ Մի տեղ էլ գուցե զարմանքս փոխակերպվում է զայրույթի, բայց այստեղ փորձում եմ ինքս ինձ կառավարել ու նյարդերս խնայել։ Հայաստանի հպարտ քաղաքացին իր հարցերն է բարձրաձայնում լրատվամիջոցներում, սակայն լսող չկա։ 20 եւ ավելի տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալս արդեն ինչքան ժամանակ է «SOS» եմ գոռում, բայց լսող չկա։ Չեմ հիշում քանի բաց նամակ եմ ուղարկել, քանի ու քանի լրատվամիջոցներին եմ հարցազրույց տվել, բայց մեր իշխանական նորաթուխ գործիչների ու պատգամավորների ձայնը չի լսվում։ Լավագույն դեպքում՝ կլայքեն ու վերջ։ Համոզված եմ՝ չեն էլ կարդում հոդվածը։ Բայց եթե սկանդալային կամ սեքսուալ որեւէ թեմայով հրապարակում է լինում՝անմիջապես տեսակետ են արտահայտում, բերում եվրոպական երկրների փորձը։ Դիմում եմ Ձեզ՝ սոցկայքերը աշխատավայր դարձրած ու «լայվեր» սիրող իշխանական ֆրակցիայի պատգամավորներ. մի’ անտեսեք Ձեզ իշխանության բերած մարդկանց հոգսերը, ուշադրություն դարձրեք 24 տարի բանտարկության մեջ գտնվող ցմահիս եւ այլ դատապարտյալների մտահոգություններին։ Դրանք լայքերի համար չեն, այլ քննարկելու եւ լուծում տալու համար։ Խորհրդակցեք իշխանության գլուխ կանգնածների հետ, ինչու չէ նաեւ ստիպեք որ իրենց լիազորությունների սահմանում ընդառաջեն մարդկանց։ Թե չէ ծափահարելով ու «լայվ» մտնելով չեք կարողանա քայլել առաջ, այլ կդոփեք տեղում, գուցե նաեւ՝ հետքայլ անեք։

Հարգանքներով ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյան

Please enter a valid URL