2018թ. դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում տեղի ունեցած կրկնակի վրաերթի գործով նշանակված փորձաքննությունների պատասխանները դեռ չեն ստացվե,հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Համապատասխան փորձաքննություններից հետո միայն պարզ կլինի, թե որ մեքենայի հարվածից է մահացել 68-ամյա Քնարիկ Պետիկյանը։
Նշենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Արայիկ Չիբուխչյանը։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ մեքենան վարելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Հանրության շրջանում «Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկարամ Ղևոնդյանը քրեական գործով շարունակում է մնալ վկայի կարգավիճակում։
Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 14-ին ժամը 07:40-ի սահմաններում ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ա.Չ.-ն, վարելով իրեն ամրակցված, զորամասի հաշվեկշռում գտնվող «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ 0032 Մ զինհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Քնարիկ Պետիկյանին՝ անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը:
Քրեական գործով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական փորձաքննություններ, դատահետքաբանական, դատաքիմիական և դատամանրաթելային համալիր փորձաքննություն, դատաավտոտեխնիկական փորձաքննություն: